Գազայի հատվածում իսրայելական հարվածներից մեկ օրում 34 մարդ է զոհվել
Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից Գազա և Խան Յունիս քաղաքներում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 34 մարդ, որոնցից 12-ը երեխաներ են։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Բացի այդ, Պաղեստինի Կարմիր մահիկը հայտարարել է, որ Իսրայելի ուժերի կողմից Արևմտյան ափի Նաբլուս քաղաքի վրա իրականացված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 4-ի։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակը հայտնել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Գազայի հատվածն աշխարհի ամենավտանգավոր վայրն է երեխաների համար։
Գազայի կառավարական լրատվամիջոցները հաղորդել են, որ իսրայելական կողմը փոխել է դեղին գծերի տեղերը՝ ընդլայնելով անկլավի արևելքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքը 300 մետրով։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ սկսել է հարվածել ՀԱՄԱՍ-ի թիրախներին ամբողջ Գազայի հատվածում՝ ի պատասխան Խան Յունիսի տարածքում իր ուժերի վրա հարձակման: ՀԱՄԱՍ-ը հերքել է Իսրայելի պնդումները՝ դրանք համարելով իսրայելական հանցագործություններն արդարացնելու փորձ:
Իսրայելական բանակը հայտնել է, որ աշխատում են ոչնչացնել իրենց դեմ օգտագործվող ահաբեկչական ենթակառուցվածքները։Կատարը դատապարտել է Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածները՝ նշելով, որ դրանք սպառնում են խափանել շաբաթներ տևած փխրուն հրադադարը։Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 69 546-ի, վիրավորվել է 170 833 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հասել են հրադադարի, ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին և զոհված պատանդների մեծ մասի աճյունները։ Մարդասիրական օգնության մուտքն անկլավ ավելացել է։ Այնուամենայնիվ, պարբերաբար տեղի են ունենում հրադադարի խախտումներ։

