ԱՄՆ-ն մշակում է խաղաղության առաջարկներ՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները. Ռուբիո
Վաշինգտոնի վարչակազմը մշակում է առաջարկներ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար՝ հաշվի առնելով Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները, և կարծում է, որ երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն`ТАСС-ի փոխանցմամբ։
Ինչպես նա գրել է X-ում, կարգավորումը «պահանջում է լուրջ և իրատեսական գաղափարների մանրամասն փոխանակում»։ «Երկարատև խաղաղության հասնելը պահանջում է, որ երկու կողմերն էլ համաձայնվեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների», – հավելել է նա։ «Ահա թե ինչու մենք մշակում և կշարունակենք մշակել այս պատերազմը դադարեցնելու հնարավոր առաջարկների ցանկ՝ հիմնվելով երկու կողմերի կարծիքների վրա», – ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։
Արևմտյան լրատվամիջոցները նախկինում, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ Միացյալ Նահանգները մշակում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր ծրագիր և այդ հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտոնական խողովակներով ԱՄՆ-ից տեղեկատվություն չի ստացել Ուկրաինայի վերաբերյալ լրատվամիջոցներում հաղորդվող որոշակի համաձայնությունների վերաբերյալ։

