Ռուսները համարում էին, որ եթե ես թողնեմ նախագահի պաշտոնը, ապա այդ պաշտոնում լինելու է ռուսամետ Կարեն Կարապետյանը. Սերժ Սարգսյան
Արևմտյան երկրները և արևմտյան կառույցները 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը ընկալել են որպես ռուսների կողմից կազմակերպվող օպերացիա և իրենք են ակտիվացել` շահելով այդ պայքարը. այս մասին 2023 թվականին «Քաղաքացիական կրթության» դպրոցում իր բանախոսության ժամանակ ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Անժելա Էլիբեգովայի հարցին, թե միջազգային դերակատարները և ուժային կենտրոնները, որոնք 2018-ին եկան կոնսենսուսի, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն իրականացնել, ինչի՞ համար էր նրանց պետք, որ Հայաստանը կայացած, բարձր սուբյեկտայնությամբ պետությունից վերածվի ձախողված պետության, երրորդ նախագահը պատասխանել է, թե չի կարծում, որ նպատակը դա է եղել։ «Ես համարում եմ, որ Ռուսաստանը ձեռնպահ է մնացել մեզ պաշտպանելուց։
Թե ինչու, դա տարբեր պատասխաններ կարող է ունենալ։ Հիմա շատ դժվար է դա ասելը`հաշվի առնելով, օրինակ, Ուկրաինայի փորձը, որ փորձեցին պաշտպանել, բայց չստացվեց Մայդանի ժամանակ։ Ես հասկանում եմ դու ինչ նկատի ունես։ Ուզում ես ասել, որ Ղարաբաղի խնդրի համար են արել։ Ես երբեք դրանից չեմ խուսափի և միշտ ասել եմ և շարունակելու եմ ասել ես` Ղարաբաղով եկել եմ, Ղարաբաղով էլ կգնամ։ Ես պրոբլեմ չունեմ այս հարցում։ Ինձ համար իշխանությունն ավելի կարևոր չէ, քան մեր ազգային շահերը։
Եվ քանի որ Ռուսաստանի Դաշնությունը մի քիչ անտարբեր էր, ապա ռուսական ազդեցության կառույցները, այո, հիմնականում եկել էին հրապարակ, և մեր հարցին` դուք ի՞նչ ունեք հրապարակում, նրանք ասում էին «մեր նպատակն է, որ այս շարժումը չվերածվի հակառուսական շարժման», ինչին չես կարող ոչինչ ասել։ Իսկ արևմտյան երկրները, արևմտյան կառույցները դա ընկալել են որպես ռուսների կողմից կազմակերպվող օպերացիա և իրենք են ակտիվացել շահելով այդ պայքարը։
Հիմա հարց կարող է առաջանալ` բա ինչո՞ւ էր Ռուսաստանի Դաշնությունը ձեռնպահ մնում. որովհետև իրենք համարում էին, որ բոլոր պարագաներում, նույնիսկ եթե ժողովրդավարական ընդվզման պարագայում ես թողնեմ այդ պաշտոնը, ապա այդ պաշտոնում լինելու է ռուսամետ գործիչ` ի դեմս Կարեն Կարապետյանի, և դա տենց ողբերգություն չի։ Ողբերգություն կլինի, որ Հայաստանում հակառուսական մեծ տրամադրություններ առաջանան», – պատմել է Սերժ Սարգսյանը։
Երրորդ նախագահի այս բանախոսության տեսագրության հատվածներն առաջին էին հրապարակվում «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերում Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի ընդմիջման ժամանակ։

