ՍԱՏՄ-ն կստուգի Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը
Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը կստուգվի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից. այս մասին Aysor.am-ին ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
«Անկախ նրանից՝ որ տարածքով է գալիս, դա ԵԱՏՄ բեռ է, նմուշառում կիրականացվի և կուղարկվի բուսասանիտարական փորձաքննության, ինչպես արվում է ՀՀ ներկրվող նմանատիպ այլ բեռների դեպքում»,-ասաց նա։
Անուշ Հարությունյանը նշեց, որ բեռնափոխադրումը ԵՏՄ երկրների միջև է և սահմանային հսկողություն չի իրականացվում. «Բայց երբ հասնում է այն տեղը, որտեղ պետք է դատարկվի, այդտեղից մեր տեսուչները նմուշառում են իրականացնում և տալիս լաբորատոր փորձաքննության, եթե խնդիրներ լինեն, դրանց մասին կհրապարակվի»,-ասաց նա։

