Հայաստանում ընտրությունների արդյունքը մեծապես կախված է Ադրբեջանի հետ հարաբերություններից. ադրբեջանցի պատգամավոր
Քաղաքագետ և Միլլի Մեջլիսի անդամ Ռասիմ Մուսաբեկովը քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հեռանկարներն առաջիկա ընտրություններում և իշխանության՝ եկեղեցու հետ առճակատումը Vesti.Az-ին տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ Փաշինյանի առճակատումը եկեղեցական հիերարխիայի հետ մեծ ռիսկ է ներկայացնում վարչապետի համար, բայց դա անհրաժեշտ միջոցառում է։
«Կաթողիկոսը և նրա շրջապատը փաստացի գործում են որպես ռուսական գործակալներ և անում են ամեն ինչ՝ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու համար», – նշել է Մուսաբեկովը։
Պատասխանելով ապագա ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հեռանկարների վերաբերյալ հարցերին՝ Մուսաբեկովը նշել է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքը մեծապես կախված է Ադրբեջանի հետ հարաբերություններից։
«Մինչև ընտրությունները դեռ շատ ժամանակ կա։ Եթե տնտեսական իրավիճակը չվատանա, Ադրբեջանի հետ հարաբերություններում որևէ բարդություն չառաջանա, և խաղաղության գործընթացը շարունակվի, Փաշինյանի կուսակցությունը խորհրդարանում համեմատական մեծամասնություն կստանա։ Բայց արդյոք այն կկարողանա ինքնուրույն կառավարություն ձևավորել, դեռ պարզ չէ», – հավելել է նա։

