Գերմանիայի դեսպանը դիվանագիտական ծառայությունը շարունակելու նպատակով վերադարձել է Վրաստան
Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը, ով կանչվել էր Բեռլին խորհրդակցությունների համար, վերադարձել է Վրաստան։ Այս մասին X-ում հայտնել է Գերմանիայի արտգործնախարարությունը։
«Բեռլինում խորհրդակցություններից հետո Թբիլիսում Գերմանիայի դեսպանը վերադարել է Վրաստան։ Այնտեղ նա մեր լիակատար աջակցությամբ կշարունակի իր նվիրված աշխատանքը»,- հայտնել են ԱԳՆ-ից։
Ֆիշերը հոկտեմբերի 19-ին հետ էր կանչվել խորհրդակցությունների՝ վրացական կողմի դիրքորոշման պատճառով։ Մասնավորապես, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը այն ժամանակ տարածված հայտարարության մեջ հայտնել էր, որ Վրաստանի ղեկավարությունը «քարոզչություն է իրականացնում ԵՄ-ի, Գերմանիայի և անձամբ Գերմանիայի դեսպանի դեմ», այդ իսկ պատճառով որոշում էր կայացվել նրան հետ կանչել։
Պետեր Ֆիշերը բազմիցս բացահայտ քննադատել է Վրաստանի իշխանություններին և աջակցություն է հայտնել Թբիլիսիում ակտիվիստներին և ցուցարարներին։
Սեպտեմբերի 24-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Ֆիշերին և մտահոգություն հայտնել նրա դիրքորոշումների նկատմամբ։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 2-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա էր հղել Բեռլինում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին։

