Թրամփը պատրաստակամություն է հայտնել օգնելու Նյու Յորքի նոր քաղաքապետին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Նյու Յորքի նորընտիր դեմոկրատ քաղաքապետ Զոհրան Մամդանիին։
«Տեսնենք, թե կոմունիստն ինչ կանի Նյու Յորքում։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Նյու Յորքը հաջողակ քաղաք լինի։ Գուցե մի փոքր օգնենք նրանց», -հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Մայամիում կայացած բիզնես համաժողովում։
Մինչ ընտրությունները Թրամփը հայտարարել էր, որ եթե հաղթի Մամդանին, որին նա կոմունիստ է անվանում, ապա նա կկրճատի քաղաքի դաշնային ֆինանսավորումը: ԱՄՆ նախագահը նշել էր, որ Մամդանիի հաղթանակի պարագայում Նյու Յորքը կբախվի «լիակատար և վերջնական տնտեսական ու սոցիալական աղետի»։
Մինչդեռ Մամդանին հայտարարել է, որ իր ղեկավարությամբ Նյու Յորքը կդառնա ԱՄՆ-ի նախագահին դիմադրելու կենտրոն։ 34-ամյա Մամդանին պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ին։ Նա կդառնա Նյու Յորքի ամենաերիտասարդ և առաջին մուսուլման քաղաքապետը։
Մամդանին, մասնավորապես, հանդես է գալիս բնակարանի համար վարձավճարները սահմանափակելու, ցածր գներով խանութներ բացելու և վերգետնյա փոխադրամիջոցով անվճար երթևեկության օգտին։

