Ուկրաինայի հարձակման հետևանքով Վոլգոգրադում քաղաքացիական անձ է զոհվել
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերով Ռուսաստանի Վոլգոգրադի նահանգում իրականացված հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել։ Այս մասին «Տելեգրամ»-ում հայտնել է Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։
Նա տեղեկացրել է, որ զոհը 48-ամյա տղամարդ է։ Բացի այդ, ուկրաինական հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շինություններ և ավտոտրանսպորտային միջոցներ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նախորդ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանական համակարգերը կարողացել են ոչնչացնել ուկրաինական 75 անօդաչու։
ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանի տարբեր շրջաններում օդանավակայանները ստիպված են եղել միառժամանակ դադարեցնել աշխատանքը։

