Բաժիններ՝

Ռիո դե Ժանեյրոյում հանցավոր խմբավորման դեմ ոստիկանական գործողության ընթացքում 60-ից ավելի մարդ է զոհվել

Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային արվարձաններում «Կարմիր հրամանատարություն» խմբավորման դեմ ուղղված ոստիկանական գործողության ընթացքում զոհվել է առնվազն 64 մարդ։

Տասնյակ մարդիկ վիրավորվել են, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, որոնք հայտնվել են խաչաձև կրակի տակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Կլաուդիո Կաստրոն հայտարարել է, որ Ալեմաո և Պենյա ֆավելաներում ոստիկանների «Զսպում» գործողության ընթացքում զոհվածների թվում է 4 ոստիկան։

Ձերբակալվել է ավելի քան 80 մարդ։ Հոկտեմբերի 28-ի առավոտյան մոտ 2500 ոստիկաններից բաղկացած ուժերը մտել են ֆավելաներ, և շուտով բախումներ են սկսվել։ «Կարմիր հրամանատարությունը» (Comando Vermelho) պատասխանել է կրակոցներով, հրկիզել է բարիկադներ և անօդաչու թռչող սարքերից ռումբեր նետել։

Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանի մոտ գտնվող ֆավելայի տարածքը համարվում է Բրազիլիայի ամենաազդեցիկ հանցավոր խմբավորումներից մեկի գործողությունների կենտրոնը։

Նահանգի կառավարությունը հայտնել է, որ սպանվածներից առնվազն 50-ին «ոստիկանությունը նույնականացրել է որպես կասկածյալ»։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ «սարսափած է» բրազիլական ոստիկանության գործողություններից, և կոչ է արել «արագ և արդյունավետ հետաքննություն» անցկացնել։

Ֆավելաներում՝ լեռնալանջերին գտնվող աղքատ և անապահով թաղամասերում, ապրում է մոտ 300 000 մարդ: Տեղի բնակիչների խոսքով՝ այնտեղ իրավիճակն այժմ նման է «պատերազմական գոտու»:

Ամբողջ տարածաշրջանում ճանապարհները փակ են։ «Կարմիր հրամանատարությունը» վերջերս ընդլայնել է իր տարածքը Ռիո նահանգում՝ ստեղծելով թմրանյութերի մաքսանենգության ուղիներ և ուժեղացնելով իր վերահսկողությունը ֆավելաների նկատմամբ:

Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը հայտնել է, որ գործողության ընթացքում առգրավվել են ավելի քան 200 կգ թմրանյութեր, ինչպես նաև տասնյակ զենքեր։

Մեկ տարի տևած հետաքննությունից հետո իրականացված գործողությանը մասնակցել են քաղաքացիական և ռազմական ոստիկանության ուժեր։ Բրազիլիայում ոստիկանական լայնածավալ գործողություններ հաճախ իրականացվում են խոշոր միջազգային միջոցառումներից առաջ: Նոյեմբերին երկրի հյուսիսում գտնվող Բելեմ քաղաքում կկայանա ՄԱԿ-ի COP30 կլիմայի գագաթնաժողովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս