ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա. Սուրեն Սուրենյանց
ՔՊ-ի ինքնախոստովանությունը․ պետությունը ղեկավարել են «պահի տակ»: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի արտահայտությանը, ԵԿՄ Սասուն Միքայելյանն ասել է․
«Մարդ ա, պահի տակ ասել ա։ Էն ժամանակ իրոք ուրիշ ձև էր մտածում, բայց եկավ 44-օրյա պատերազմը, խաղերը՝ Արցախի հետ կապված՝ ի դեմս ՌԴ-ի, ու էս օրն ընկանք»։
Սասուն Միքայելյանի այս դիրքորոշումն անհատական չէ․ այն ամբողջությամբ բնորոշ է ՔՊ-ին։
Կառավարող կուսակցությունում մոռանում են, որ «մարդ ա, պահի տակ ասել ա»-ի հետևանքով լեգիտիմացվեց Ալիևի պատերազմական օրակարգը՝ Հայաստանը և հայ ժողովրդին կանգնեցնելով ազգային աղետի առաջ։
Իշխանության ներկայացուցիչները խեղված պատկերացում ունեն նաև դեմոկրատիայի վերաբերյալ:
ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա։
Սակայն իրական ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն իշխանության ձևավորում քվեարկությամբ, այլև՝ քաղաքական պատասխանատվություն իշխանության գործած սխալների համար։
44-օրյա պատերազմից հետո այդ սկզբունքը խախտվեց․ ազգային աղետ բերած իշխանությունը պետք է հեռանար, եթե Հայաստանում գործեր ժողովրդավարական մշակույթը։
Միքայելյանի խոսքերը բացահայտում են այն մտածողությունը, որով իշխանությունը մշտապես փորձում է սեփական սխալները վերագրել արտաքին «խաղերին» ու «դավերին»։
Բայց պետությունները պարտվում են ոչ թե դավադրությունների, այլ՝ իրենց ղեկավարների սխալ որոշումների և անպատասխանատու առաջնորդության հետևանքով։
Ինչի՞ է հանգեցնում գործող իշխանության նման մտածողությունը:
Վերջին հինգ տարիներին Հայաստանում ժողովրդավարությունը ոչ թե ամրապնդվել, այլ՝ հետընթաց է ապրել։ Քաղաքական համակարգը վերածվել է անձնավորված իշխանության՝ առանց հաշվետվողականության և վերահսկողության։
Եվ երբ ՔՊ-ն փորձում է արդարացնել Փաշինյանի նախկին խոսքերը՝ «անլրջացնելով» դրանք, իրականում նույնքան անլուրջ է դարձնում նաև նրա ներկայիս՝ խաղաղության, զարգացման և ապաշրջափակման խոսույթը։
«Մարդ ա, պահի տակ ասել ա» — սա այլևս ոչ թե արդարացում է, այլ՝ իշխանական մտածողության ախտորոշում։
Երբ իշխանության խոսքը դառնում է պատահական, պետությունն էլ դառնում է պատահականությունների զոհ»:

