Թրամփը ևս մեկ անգամ խոսել է իր դադարեցրած 8 պատերազմների մասին՝ հիշատակելով նաև Հայաստանը և Ադրբեջանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ութ ամսվա ընթացքում ավարտել է ութ պատերազմ, և այդ համատեքստում հիշատակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին Թրամփը հայտարարել է Ճապոնիայի Յոկոսուկայի ամերիկյան ռազմածովային բազա կատարած այցի ընթացքում։
«Ութ ամսվա ընթացքում ես ավարտել եմ ութ պատերազմ… Մեզ հայտնի ոչ մի նախագահ պատերազմ չի ավարտել. նրանցից շատերը պատերազմներ են սկսում։ Դրանց թվում են Կոսովոն և Սերբիան, Կոնգոն և Ռուանդան, Պակիստանը և Հնդկաստանը, Իսրայելը և Իրանը, Եգիպտոսը և Եթովպիան, Հայաստանը և Ադրբեջանը, և հենց այս ամիս մենք վերջ դրեցինք պատերազմին Գազայում՝ Մերձավոր Արևելքում», – նշել է Թրամփն իր ելույթում, որի տեսանյութը տարածել է The Associated Press գործակալությունը։ Նա նաև հավելել է, որ վերջերս Մալայզիայում Կամբոջայի և Թաիլանդի միջև համաձայնագիր է ստորագրվել։
«Մենք փրկեցինք միլիոնավոր կյանքեր և կարողացանք գործել հիմնականում խոսքերով», – նշել է Թրամփը՝ ավելացնելով, որ ռազմական ուժ գործնականում չի կիրառվել։ Նրա խոսքով՝ մաքսատուրքերը և առևտուրը դարձել են «պատերազմներին վերջ դնելու» հիմնական գործիքներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև պնդել է, որ ամերիկյան բանակը աշխարհում ամենահզորն է և շուտով կդառնա ավելի հզոր։
«Միացյալ Նահանգները օրհնված է աշխարհի պատմության մեջ ամենաուժեղ և ամենահզոր բանակով։ Գոյություն չունեն մեր զինված ուժերի նման ուժեր, նույնիսկ դրան մոտ։ Ոչ ոք չունի այնպիսի զենքեր, ինչպիսին մերն են, և շուտով նրանք (ԱՄՆ զինված ուժերը) կլինեն ավելի ուժեղ և հզոր, քան երբևէ», – հայտարարել է Թրամփը։
Նա նաև անդրադարձել է ԱՄՆ ռազմածովային ուժերին՝ պնդելով, որ ոչ ոք չի համարձակվի սպառնալ ամերիկյան նավատորմին, քանի որ, նրա խոսքով՝ ոչ ոք չունի նավեր կամ զենքեր, որոնք համեմատելի են ԱՄՆ-ի նավերի հետ։Ճապոնիայում կենտրոնացած է արտասահմանում ամերիկյան ռազմական ամենամեծ ուժը։
Ամերիկացի զինծառայողների թիվն այնտեղ կազմում է 50 000։ Ամերիկյան ուժերը Յոկոսուկայի ռազմածովային բազայում տեղակայված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։

