Ճապոնիայի վարչապետը Թրամփին է նվիրել Աբեի գոլֆի մականը
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին պաշտոնական այցով Տոկիոյում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է նվիրել գոլֆի մական, որը պատկանել է նրա հանգուցյալ ընկերոջը՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին:
Համապատասխան կադրերը Սպիտակ տունը հրապարակել է X սոցիալական հարթակում:
Տակաիչին նաև Միացյալ Նահանգների ղեկավարին է նվիրել մականների պայուսակ՝ ճապոնացի հայտնի գոլֆիստ Հիդեկի Մացույամայի ինքնագրով: Թրամփը հայտնի է այդ մարզաձևի հանդեպ իր սիրով. 2017 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին այցի ընթացքում նա շատ ժամեր է անցկացրել Աբեի հետ գոլֆ խաղալով:
Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին Աբեի համախոհներից մեկն է և նրա ընտանիքի մտերիմ բարեկամը:
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն սպանվել է 2022 թ. հուլիսի 8-ին Նարա քաղաքում, քաղաքական միջոցառման ընթացքում ելույթի ժամանակ։

