Բաժիններ՝

Տարվա ամենահզոր «Մելիսա» փոթորիկը զոհերի պատճառ է դարձել

Այս տարվա ամենահզոր փոթորիկը՝ «Մելիսա»-ն, մոտենում է Ճամայկային՝ Կարիբյան ծովով շարժվելով հյուսիս-արևելք։ Այս մասին հայտնում է BBC-ն։ «Մելիսա» փոթորիկը, որը, ինչպես սպասվում է, հոկտեմբերի 28-ին կհասնի ափ, արդեն պատճառ է հանդիսացել Ճամայկայում երեք և Հայիթիում ու Դոմինիկյան Հանրապետությունում՝ չորս մահվան։

Մինչև 282 կմ/ժ քամու արագությամբ «Մելիսա»-ն հինգերորդ կատեգորիայի՝ առավելագույն ուժգնության փոթորիկ է։ Մասնագետները զգուշացնում են, որ փոթորկի դանդաղ ընթացքը կարող է նշանակել երկարատև տեղատարափ անձրևներ որոշ տարածքներում, ինչը կմեծացնի ջրհեղեղների և սողանքների վտանգը։

Ճամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսը հրամայել է մարդկանց տարհանել ցածրադիր տարածքներից, մինչ կղզին պատրաստվում է փոթորկի հարվածին։

Ճամայկայի տեղեկատվության նախարար Դանա Մորիս Դիքսոնը հայտնել է, որ կառավարությունը ամեն ինչ արել է, որպեսզի պատրաստվի այնպիսի փոթորկի, «որը մենք երբեք չենք տեսել»։ Նա նշել է, որ վերջին փոթորիկը, որը ուղղակիորեն հարվածել է Ճամայկային, եղել է 37 տարի առաջ, և կոչ է արել մարդկանց լուրջ վերաբերվել դրան։ Նախարարի խոսքով՝ Ճամայկան ունի 881 ակտիվ ապաստարան, և դրանք բոլորն էլ անվճար են։Ճամայկայի երկու միջազգային օդանավակայանները՝ Քինգսթոնում և Մոնտեգո Բեյում, փակվել են՝ դադարեցնելով բոլոր գործողությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս