ՀՀ իշխանությունները խախտել են սահմանադրությունը, իսկ Դանիել Իոաննիսյանը ստանձնել է նրանց ապօրինությունները արդարացնողի և պաշտպանողի դերը. Հայ ազգային կոնգրես

Հայ ազգային կոնգրեսի իրավաբանական հանձնաժողովի հայտարարությունը

Հոկտեմբերի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսը հանդես էր եկել հայտարարությամբ, որում դատապարտել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նոր բռնաճնշումների ալիքը։

Անդրադառնալով Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ներկայացված մեղադրանքին՝ Հայ Ազգային Կոնգրեսը, մասնավորապես, նշել էր, որ այն ներկայացվել է Քրեական Օրենսգրքի մի հոդվածով, որը ենթադրյալ հանցագործության կատարման պահին, այսինքն՝ 2021թ.-ին, դեռ չէր գործում, քանի որ վերոհիշյալ հոդվածը պարունակող Քրեական Օրենսգրքի նոր խմբագրությունը ուժի մեջ է մտել՝ 2022թ. հուլիսի 1-ին։ Հետեւաբար, 2021 թվականին վերագրվող արարքի գնահատումը Քրեական Օրենսգրքի նոր խմբագրությամբ՝ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի կոպտագույն խախտում է։

Եւ իսկապես, հին օրենսգրքի 163-րդ հոդվածով քրեականացված էր (2֊րդ մաս) միայն «Օրինական հավաքներին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով հարկադրելը»։ Ենթադրյալ արարքի վերաբերյալ Դանիել Իոաննիսյանի հանցագործության մասին հաղորդման մեջ որեւէ տեղեկություն բռնության կամ բռնության սպառնալիքի մասին ներկայացված չէ։ Հետեւաբար, այն չէր կարող հիմք ծառայել մեղադրանքի ներկայացման համար։

Մինչդեռ ենթադրյալ այն արարքը, որը ծառայել է որպես մեղադրանքի հիմք, այն է՝ (նոր Քրեական Օրենսգրքի 236-րդ հոդվածի 3 մաս)՝ հավաքին մասնակցելու հարկադրելը, «որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով», քրեականացվել է Քրեական Օրենսգրքի նոր խմբագրությամբ միայն, հետեւաբար, 2021 թվականին հանցանք չէր դիտվում եւ չէր կարող ծառայել որպես քրեական գործի հարուցման հիմք։

Այսպիսով պարզվում է, որ մեղադրանք ներկայացնելով Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եւ նրա հետ կապված անձանց նկատմամբ՝ իշխանությունները կոպտորեն խախտել են ՀՀ Սահմանադրության 72֊րդ հոդվածը, իսկ Դանիել Իոաննիսյանը (ով մեղադրել էր Կոնգրեսին Arlis համակարգից իբր օգտվել չկարողանալու մեջ) ստանձնել է ոչ միայն «իշխանությունների գլխավոր մատնիչ-մահակի», այլ նաեւ մեր հանրությանը ապատեղեկացնելու եւ իշխանությունների ապօրինությունները արդարացնոցի եւ պարտակողի դերը։

Տեսանյութեր

Լրահոս