Հայաստանն աշխարհագրական առավելություններ ունեցող կամուրջ է Ասիայի և Եվրոպայի միջև. Ալկիս Դրակինոս

Հայաստանն Ասիայի և Եվրոպայի միջև աշխարհագրական առավելություն ունեցող կամուրջ է. Վերակառուցման և  զարգացման եվրոպական բանկը ցանկանում է օգտագործել այդ առավելությունները և շարունակական դարձնել ներդրումներն այդ ուղղությամբ։ Այս մասին Հայաստանի ներդրումային խորհրդի կազմակերպած «Միջազգային առևտրի և ներդրումների ֆորում»-ի բացման ժամանակ նշեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար, տնօրեն Ալկիս Դրակինոսը։ Նրա բնորոշմամբ՝ բացի տարբեր ծրագրեր իրականացնելուց, ՎԶԵԲ-ը նաև ուշադրություն է դարձնում Հայաստանի ենթակառուցվածքներին:

«Մենք հետաքրքրված ենք միավորել ուժերը՝ աջակցելու Հայաստանի աշխարհագրական առավելություններին։ Հայաստանը Կովկասում է, իսկ Կովկասը կամուրջ է Ասիայի և Եվրոպայի միջև։ Մենք ուզում ենք աշխատել այս ուղղությամբ։  Մենք որոշ ներդրումներ ենք կատարել այս ոլորտում, ինչը շարունակական բնույթ կկրի»,-նշեց ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսը։ 

Նա իր խոսքում շեշտեց, որ ՎԶԵԲ-ն արդեն երկար ժամանակ է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում՝ ներգրավված լինելով տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում։ 

«Մինչ օրս մենք կարողացել ենք ավելի քան 2.5 միլիարդ եվրոյի չափով ներդրումներ կատարել։ Մեր իրականացրած նախագծերի թիվը շուտով կհասնի 250-ի։ Հիմա դրանք  235-ն են, և մենք ունենք հավակնոտ ծրագիր տարեվերջի համար»,-նշեց Ալկիս Դրակինոսը։  

Վերջինիս բնորոշմամբ՝ Հայաստանը երկար ճանապարհ է անցել և այժմ կենսունակ տնտեսություն ունի, որը մեծ հեռանկարներ է բացում երկրի բնակչության և տարածաշրջանի համար՝ որպես կապի հանգույց և նաև որպես վերականգնվող էներգիայի աղբյուր՝ օգտագործելով իր բնական դիրքը, արևը, քամին և մարդկանց, որոնք Հայաստանի ամենակարևոր ռեսուրսն են։  

Դրակինոսի խոսքով՝ ՎԶԵԲ-ը լսում է, թե ինչ պահանջարկ ունեն ընկերությունները յուրաքանչյուր երկրում, որտեղ կազմակերպությունը գործում է․ «Հայաստանում մենք բավականին լավ ենք աջակցում մասնավոր հատվածին։

Մենք կենտրոնանում ենք մասնավոր հատվածին աջակցելու վրա։ Ես շատ հպարտ եմ նրանով, ինչին մենք հասել ենք՝ աջակցելով Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս