Բաժիններ՝

Զելենսկին հայտարարել է, որ Պուտինին հնարավոր է ստիպել խաղաղություն հաստատել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 71-րդ նիստում, որին մասնակցում են գրեթե 50 երկրների պատվիրակություններ: Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կարելի է ստիպել խաղաղություն հաստատել: Այս մասին Ուկրաինայի նախագահը գրառում է կատարել X-ում՝ հրապարակելով իր ելույթի տեսանյութը:

Զելենսկին շեշտել է, որ չնայած դժվարությամբ և մեծ զոհերի գնով, սակայն Մերձավոր Արևելքում պատերազմն, ի վերջո, ավարտվում է, և կա իրական խաղաղության հնարավորություն: 

«Եվրոպայում Ռուսաստանի պատերազմը մնում է գլոբալ անկայունության ամենամեծ աղբյուրը: Եվ ձեզնից բոլորիցդ է կախված՝ արդյոք այս պատերազմը նույնպես կավարտվի: Պուտինին կարելի է պարտադրել խաղաղություն, ինչպես ցանկացած այլ ահաբեկչի», – հայտարարել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ եթե հաջողվել է ՀԱՄԱՍ-ին ստիպել վերադարձնել պատանդներին, ապա Պուտինին էլ կարելի է ստիպել վերականգնել խաղաղությունը:

Հոկտեմբերի 13-ի առավոտյան ՀԱՄԱՍ խմբավորումը, Իսրայելի հետ համաձայնագրին համապատասխան, երկու խմբով 20 պատանդի է հանձնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Դրա դիմաց շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալ ազատվել է իսրայելական բանտերից: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս