
Մեկ միլիոն մարդու համար պարենամթերք է փոխադրվել Գազայի հատված

ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալությունը (UNRWA) 1 միլիոն մարդու համար պարենամթերք է փոխադրել Գազայի հատված:
«Հրադադարի համաձայնագրի գործողության առաջին օրերին UNRWA-ն բավարար չափով պարեն է հասցրել մեկ միլիոն մարդու՝ անկլավի բնակչության կեսին կերակրելու համար: Մենք ունենք պաշարներ, ինչպես նաև միջոցներ ու անձնակազմ՝ դրանք փոխադրելու համար»,-այս մասին ասվում է X-ում կազմակերպության հրապարակման մեջ:
UNRWA-ում նաև նշել են, որ գործակալությունը, հենվելով Գազայի հատվածում աշխատանքի 75 տարվա փորձի վրա, «գիտելիքներ, կապեր ու ծրագրեր ունի ողջ տարածաշրջանում օգնությունն արդյունավետորեն բաշխելու համար»:
«Մեզ պարզապես կանաչ լույս է հարկավոր իսրայելական իշխանություններից», – ընդգծել են գործակալությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչև հոկտեմբերի 11-ը Գազայի հատված մուտքի էր սպասում հումանիտար օգնություն տեղափոխող առնվազն 6 հազար բեռնատար։ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչ Մարտին Ֆրիքը նշել է, որ ևս մոտավորապես 100 հազար տոննա պարենամթերք ճանապարհին է, և հենց որ այն հասնի անկլավ, «բավարար չափով պարեն կլինի մոտավորապես երեք ամիս Գազա մատակարարելու համար՝ անվտանգ և հուսալի փոխադրման դեպքում»։
Հոկտեմբերի 6-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները վերսկսեցին Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու շուրջ անուղղակի բանակցությունները՝ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Խորհրդակցություններին միացավ նաև Թուրքիան։ Հոկտեմբերի 9-ին հակամարտության կողմերը համաձայնության եկան խաղաղության պլանի առաջին փուլի իրագործման շուրջ, որն ավելի վաղ ներկայացվել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։