
Պաղեստինն ու Իսրայել փոխանակում են գերիներին․ յոթ իսրայելցի հանձնվել է ԿԽՄԿ-ին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման կողմից պահվող իսրայելցի յոթ պատանդ պաղեստինա-իսրայելական պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 13-ին հանձնվել է Գազայում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը։ Նրանք գերության մեջ էին շուրջ երկու տարի։ Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ պաղեստինյան կողմը պետք է ազատ արձակի իսրայելցի 20 պատանդի։
Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ առանձին գործողության շրջանակում նախատեսվում է նաև, որ ԿԽՄԿ թիմերը Իսրայելի կալանավայրերում պահվող պաղեստինցիներին կտեղափոխեն Գազա և Արևմտյան ափ։
«Սրանք չափազանց բարդ գործողություններ են և պահանջում են մանրակրկիտ լոգիստիկ և անվտանգության պլանավորում՝ բոլոր ներգրավված անձանց համար ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով»,- ասվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ կառույցի միջնորդությամբ տեղի կունենա նաև զոհվածների աճյունների կամ մասունքների տեղափոխումը։