
«Պարտությունը ցավալի է, բայց տեսնում եմ առաջընթաց». Եղիշե Մելիքյան

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը Բուդապեշտում 0:2 հաշվով պարտվեց Հունգարիային։ Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ ընդգծելով թե՛ ափսոսանքն ու բացթողումները, թե՛ թիմի դրական կողմերը։
«Շատ եմ ափսոսում այս արդյունքի համար։ Մենք հնարավորություն ունեինք միավորներ վաստակելու, բայց չկարողացանք օգտվել մեր պահերից։ Գոլային բավականաչափ հնարավորություններ ստեղծեցինք, սակայն արդյունավետություն չկար։ Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ մրցակիցը ևս արժանի էր հաղթանակին․ նրանք որակյալ ֆուտբոլ ցուցադրեցին։ Խաղը հետաքրքիր էր, շնորհավորում եմ Հունգարիայի թիմին։ Մենք կվերլուծենք այս հանդիպումը, կփորձենք մոռանալ պարտությունը և պատրաստվել Իռլանդիայի դեմ առաջիկա խաղին»,— նշեց Մելիքյանը։
Խոսելով խնդիրների մասին՝ մարզիչը շեշտեց, որ թիմում բացակայում է դասական «9 համար» հարձակվող.
«Այո, մեզ մոտ չկա այնպիսի հարձակվող, ով կարողանա կայուն կերպով գոլեր խփել եվրոպական մակարդակով։ Բայց տակտիկայի, ցանկության և կարգապահության շնորհիվ մենք պահեր ենք ստեղծում։ Այսօր հիմնական խնդիրը հենց գոլ խփելու անկարողությունն էր։ Եթե գոնե մեկ գոլ խփեինք, հնարավոր է՝ արդյունքը այլ լիներ»։
Միևնույն ժամանակ, Մելիքյանը կարևորեց թիմի միասնականությունն ու հոգեբանական վիճակը.
«Մեր հավաքականում կա հիանալի մթնոլորտ, հավատ, նվիրվածություն և պայքարելու ոգի։ Սա այն հիմքն է, որի վրա պետք է կառուցենք առաջիկա հաջողությունները»։
Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 14-ին՝ Դուբլինում, Իռլանդիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին։