«Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխն ազատվել է կալանքից

Ադրբեջանի դատարանը կալանքից ազատել է «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։

Իգոր Կարտավիխը հուլիսի 1-ին չորս ամսով կալանավորվել էր Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից «Sputnik   Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում իրականացված գործողությունից հետո։ Նրան առաջադրվել են մեղադրանքներ Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Խարդախություն խոշոր վնասի պատճառմամբ», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր շահույթի ստացմամբ» և «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացում» հոդվածներով։

«Sputnik»-ի խմբագրությունում հայտնել են, որ իրենք Ադրբեջանում աշխատանքի ոչ մի պաշտոնական արգելք չեն ստացել, ընթացել է երկխոսություն աշխատանքային խմբի մակարդակով՝ հնարավոր տարաձայնությունների կարգավորման համար։

Ինչպես հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Բաքվում ՌԴ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխին, որն օրերս փոխադրվել է տնային կալանքի:

Տեսանյութեր

Լրահոս