
Իսրայելը կալանել է Գազա օգնություն տեղափոխող ևս մեկ նավատորմի նավերը

Իսրայելական ուժերը կալանել են նոր նավատորմը, որը փորձում էր Գազայի հատված հասցնել սնունդ և բժշկական պարագաներ։
Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նավատորմը, որի կազմի մեջ մտնում էր 9 նավ, որոնց տախտակամածին գտնվում էր 150 մարդ, կանգնեցվել է միջազգային ջրերում։ Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է, որ տապալվել է ևս մեկ փորձ՝ խախտելու «օրինական ծովային շրջափակումը և մտնելու մարտական գործողությունների գոտի»։
Գազա օգնություն մատակարարելու նոր փորձի կազմակերպիչները հայտնել են, որ իր նավերից երեքը կալանվել են հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան։ Մի քանի ժամ անց կալանվել են նաև մնացած նավերը։ Ըստ Իսրայելի կառավարության՝ բոլոր նավերը և նրանց ուղևորներն ապահով կերպով տեղափոխվել են իսրայելական նավահանգիստ։ Նրանց բոլորին շուտով կարտաքսեն երկրից։
Անցյալ շաբաթ Իսրայելի ուժերը կալանել էին 42 նավից բաղկացած նավատորմը՝ գրեթե 500 ակտիվիստներով, որոնց թվում էր նաև շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Նրանք գրեթե բոլորն արտաքսվել են. վեցը դեռ կալանքի տակ են Իսրայելում։