
Աշխարհի տարբեր ղեկավարներ անդրադարձել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման երկրորդ տարելիցին

Իսրայելում այսօր նշում են 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման երկրորդ տարելիցը։ Երկրի տարբեր հատվածներում հիշատակի արարողություններ են անցկացվում։
Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Միևնույն ժամանակ, տարբեր երկրների և կառույցների ղեկավարներ անդրադարձել են երկու տարի առաջ տեղի ունեցած արյունահեղությանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական հարթակում գրել է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության անասելի սարսափը չի մոռացվել։
«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր զոհերին, այդ թվում՝ մեր 51 համաքաղաքացիներին։ Մեր մտքերը 48 պատանդների հետ են, որոնք դեռ մնում են ՀԱՄԱՍ-ի մոտ», – գրել է Ֆրանսիայի նախագահը՝ կոչ անելով ազատ արձակել պատանդներին և անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չպետք է կորցնել բոլոր պատանդների ազատ արձակման և հրադադարի հնարավորությունը, որ այժմ ստեղծվել է։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական կերպով ներգրավվել Շարմ էլ Շեյխի բանակցություններին՝ ԱՄՆ նախագահի առաջադրած ծրագրի համատեքստում», – հավելել է նա։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին իր հերթին 2023 թ. հոկտեմբերի 7-ն անվանել է «պատմության ամենամութ էջերից մեկը»՝ կոչ անելով անել ամեն բան, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը հաջողության հասնի։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նույնպես կոչ է արել բոլոր կողմերին շարժվել տևական հրադադարի, բոլոր պատանդների ազատ արձակման և բոլորի համար խաղաղություն ու անվտանգություն բերող ապագայի ուղղությամբ։
2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր շուրջ 1200 մարդ, 251 մարդ գերեվարվել էր։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 48 պատանդ, որոնցից, ամենայն հավանականությամբ, միայն 20-ն է ողջ մնացել։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 67 000-ը։