
Եղբայր կորցրած ու եղբորորդու ճակատագիրն անորոշ թողած մարդուն 5 տարի չլում են, հետո բանտ ուղարկում, քանի որ հանդգնել ա բողոքել 5 տարվա անգործությունից. Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը գրում է. «Արսեն Ղուկասյանին կալանավորել են խուլիգանության հոդվածով… եղբայր կորցրած ու եղբորորդու ճակատագիրն անորոշ թողած մարդուն 5 տարի չլում են, հետո բանտ ուղարկում, քանի որ հանդգնել ա բողոքել 5 տարվա անգործությունից…
Արսենի եղբոր տղան՝ Սարգիսը, կորել է 2020թ․-ի հոկտեմբերի 10-ին, մեկ ամսվա զինծառայող էր, վերջին զանգը հոկտեմբերի 10-ին էր՝ 17։58 րոպե, դրանից հետո իր հետ կապը կորել ա։ Եղբայրը՝ Արմանը, սեպտեմբերի27-ին՝ պատերազմի առաջին օրվանից, մեկնել է ռազմաճակատ, գնում էր իր տղայի մոտ, ամսի 28-ին Ջաբրայիլում էր արդեն՝ Նյուզգարում, որտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 2-ին՝ որդուց 800 մետրից – 1 կիլոմետր հեռավորության վրա, Չռիկներ կոչվող հատվածում։
Հոկտեմբերի 6-ին Արսենը գնում է Հադրութ, Սարգսին գտնում ամսի 7-ին Հադրութի դպրոցում (նկարում), ողջ-առողջ, ամսի 9-ի առավոտ լուսադեմին զինվորներին հանում են Խուրհատ սար, որից հետո նրանից այլևս լուր չի լինում։
Արսեն եղբորը գտել է դեկտեմբերի 15-ին՝ հենց այնտեղ, որտեղ որ զոհվել էր՝ Նյուզգարում։ Սաքոյին փնտրում է մինչև օրս…
Իրավական երկիր մի ասա, մի անտերություն ասա։ Զինվորդ անհետ կորի, ու, փոխանակ մի լուր, մի ինֆո տաս հարազատին, դեռ մի բան էլ նրան լռեցնելու համար բանտ ես նետում…
Կալանք տվող դատավորն էլ տխրահռչակ մասիս մելքոնյանն է, ով մեկ այլ զոհվածի ծնողի ևս՝ Գարիկ Գալեյանին, էլի դատել է նույն հոդվածով։
Արսենի հետ որ խոսում էիր, ասում էր՝ Եռաբլուրում չեմ կարողանում եղբորս նկարին նայել, ոնց որ ասի՝ ինչ ես եկել ստեղ, գնա էրեխուս ման արի…