Բաժիններ՝

Եմենում հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի ևս ինը աշխատակիցների. Ստեֆան Դյուժարիկ

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները, որոնք վերահսկում են երկրի տարածքի մոտավորապես մեկ երրորդը, ձերբակալել են ՄԱԿ-ի ևս ինը աշխատակիցների՝ նրանց թիվը հասցնելով 53-ի:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Բոլորովին վերջերս փաստացի իշխանությունները՝ ի դեմս հութիների, կալանքի տակ են վերցրել ՄԱԿ-ի ևս ինը աշխատակիցների՝ 2021 թվականից ի վեր ՄԱԿ-ի կամայականորեն ձերբակալված աշխատողների ընդհանուր թիվը հասցնելով 53-ի», – ասված է նրա հաղորդագրության մեջ, որը տարածել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է խռովարարների նման գործողությունները և կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ձերբակալվածներին։

2014 թ. օգոստոսից ի վեր Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի և «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցների միջև։ Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թվականի մարտին, երբ հակամարտությանը միացել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որը գործում էր հութիների դեմ։ Եմենում քաղաքացիական պատերազմը հանգեցրել է աննախադեպ հումանիտար աղետի։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցի կամ երկրի բնակչության մոտավորապես 80%-ը մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում է 4 միլիոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս