
Մոլդովան դարձել է Եվրոյով վճարումների միասնական տարածքի մաս

Մոլդովան հոկտեմբերի 6-ից դարձավ Եվրոյով վճարումների միասնական տարածքի (SEPA) մաս: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է երկրի Ազգային բանկը։
«SEPA-ին Մոլդովայի ինտեգրումը պատմական պահ է ազգային ֆինանսական համակարգի համար և հաստատում է երկրի եվրոպական ուղին», – հայտարարել է Ազգային բանկի նախագահ Անկա Դրագուն։
Ավելի վաղ Մոլդովայից միջազգային փոխանցման արժեքը կազմում էր 20-ից մինչև 200 եվրո։ SEPA-ին միանալուց հետո վճարումը կմշակվի ներքին սակագներով և Եվրամիության (ԵՄ) ստանդարտներով՝ «ընդամենը մի քանի եվրոյով կամ նույնիսկ անվճար»։
Մոլդովայի ազգային բանկի (ՄԱԲ) գնահատմամբ, մոլդովացի արտահանողները տարեկան շուրջ 20 միլիոն եվրո կխնայեն ԵՄ-ի հետ առևտրում ծախսերի նվազման հաշվին։
Այս փուլում SEPA-ի մասնակցի կարգավիճակ է ստացել ութ մոլդովական բանկ։
Մոլդովան SEPA-ին միանալու գործընթացն սկսել է 2024 թ. հունվարին՝ պաշտոնական դիմում ներկայացնելով Եվրոպական վճարային խորհրդին: 2025 թ. մարտի 6-ին խորհուրդը հավանություն տվեց Մոլդովայի միանալուն։
Եվրոյով վճարումների միասնական տարածքը՝ SEPA-ն եվրոպական համակարգ է, որը թույլ է տալիս մասնակից երկրների վճարային համակարգերի միջև եվրոպական արժույթով փոխանցումներ կատարել միասնական պայմաններով։ SEPA-ն միավորում է ԵՄ անդամ երկրները, Մեծ Բրիտանիան, Եվրոպական տնտեսական գոտին, Շվեյցարիան, Անդորան, Մոնակոն, Սան Մարինոն և Վատիկանը։