
Արցախցի ուսուցիչների հիշատակը ու ժառանգությունը կմնան ապագա սերունդների համար անսպառ օրինակ

Հոկտեմբերի 5-ը Հայաստանում նշվում է որպես Ուսուցչի օր՝ մեր ժողովրդի կրթության, դաստիարակության և ապագայի կերտման գործում անգնահատելի ավանդ ունեցող մարդկանց նկատմամբ երախտագիտություն արտահայտելու գեղեցիկ առիթ։
Ուսուցիչը ոչ միայն գիտելիքի փոխանցողն է, այլև ազգային ինքնության, արժեքների և մշակույթի պահապանը, սերնդե սերունդ փոխանցվող ոգու կրողը։ Նրա դերը մեր ժողովրդի ձևավորման, գիտակցության ու պետականության ամրապնդման գործում երբեք չի կարող նվազել։
Այսօր, ցավոք, բազմաթիվ Արցախի ուսուցիչներ զրկված են իրենց մասնագիտական տոնը նշելու հնարավորությունից՝ իրենց կրթօջախներից բռնի զրկվելու հետևանքով։ Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունը և Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական բռնազավթումը վերածեցին հազարավոր նվիրված մանկավարժների կյանքի ամենասուրբ առաքելությունը՝ դաստիարակչական գործը, չիրականացվող երազանքի։
Մենք խորապես գնահատում ենք արցախցի ուսուցիչների նվիրվածությունը, անշահախնդիր ծառայությունը և ոգու ամրությունը, որոնք տարիներ շարունակ կրթել են սերունդներ՝ հայրենասիրության, մարդկայնության և բարու գաղափարներով։ Նրանց հիշատակը, հավատն ու մասնագիտական ժառանգությունը կմնան որպես ապագա սերունդների համար անսպառ օրինակ։
Շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին տոնի առթիվ, մաղթում առողջություն, տոկունություն և ստեղծագործ ոգի՝ շարունակելու իրենց մեծարելի առաքելությունը՝ անգամ ամենաբարդ պայմաններում։
«Ազգային» պատմամշակութային ՀԿ