
Պահանջում ենք պատժել Էդուարդ Սպերցյանին՝ նրա ռասիստական գործողությունների համար․ «Ախմատ» ակումբը հայտարարություն է տարածել

Ֆուտբոլային ակումբ «Ախմատն» իր պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն՝ կապված թիմի պաշտպան Ուսման Նդոնգի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի միջև տեղի ունեցած իրավիճակի հետ: Միջադեպի հետևանքով Նդոնգը խաղի վերջնամասում ստացել է կարմիր քարտ: Գրոզնիի թիմը պարտվել է 0:2 հաշվով: Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Խաղից հետո Ուսման Նդոնգը պատմել է, որ Էդուարդ Սպերցյանը իրեն վիրավորել է ռասայական հիմքով: Սակայն Սպերցյանը հերքել է դա՝ հայտարարելով, որ Նդոնգը վիրավորական արտահայտություն է արել իր մոր հասցեին:
«Ռուսաստանի Պրեմիեր լիգայի կազմում չկա ոչ մի ակումբ, որտեղ լեգիոներներ չլինեն: Տարբեր երկրների ֆուտբոլիստները անգնահատելի ներդրում ունեն սպորտային սկզբունքների պահպանման և մեր ֆուտբոլի գեղարվեստական կողմի հարստացման գործում:
Ֆուտբոլային ակումբ «Ախմատը» պնդում է, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության իրավասու մարմինները անցկացնեն միջադեպի մանրակրկիտ հետաքննություն: Մենք պահանջում ենք պատժել Էդուարդ Սպերցյանին՝ նրա ռասիստական գործողությունների համար, ինչպես նաև չեղարկել կարմիր քարտը, որը ցույց է տրվել Ուսման Նդոնգին՝ որպես անարդար սանկցիա նրա՝ իրեն ուղղված զազրելի սադրանքին տրված արձագանքի համար», – ասված է «Ախմատի» պաշտոնական կայքի հայտարարության մեջ:
Ակումբի մամուլի ծառայությունը նաև ընդգծել է, որ նման իրավիճակներ նախկինում էլ են տեղի ունեցել: 2017 թվականին «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Պավել Մամաևը «Ախմատի» խաղացող Ռոդոլֆոյին անվանել էր կապիկ: Այդ ժամանակ ակումբը ընդունել էր նրա ներողությունը: