Բաժիններ՝

Հայկական Krisp ընկերությունը գործարկել է բջջային հավելված

Հայկական արհեստական բանականության ոլորտում առաջատար Krisp ստարտափը ներկայացրել է իր նոր բջջային հավելվածը, որը թույլ է տալիս ձայնագրել և ամփոփել հանդիպումները՝ ուղղակի սմարթֆոնից։

Krisp Mobile-ը դառնում է ընկերության նորագույն քայլը դեպի ամբողջական ձայնային և տեքստային վերլուծության էկոհամակարգ։ Հավելվածը նախատեսված է մասնագետների, թիմերի և անհատների համար, որոնք ցանկանում են արդյունավետ կերպով պահպանել և վերանայել հանդիպումների բովանդակությունը՝ առանց հավելյալ սարքավորումների։

Krisp Mobile-ի միջոցով օգտվողները կարող են.

ձայնագրել և իրական ժամանակում ստանալ հանդիպման տեքստային տարբերակը,

վերբեռնել ձայնային կամ տեսանյութային ֆայլեր և դրանք վերածել տեքստի,

դիտել հանդիպումների ամփոփումները և վերանայել հիմնական միտքերը տարբեր սարքավորումների վրա։

Հավելվածը նաև ինտեգրվում է Zoom, Google Meet, Microsoft Teams և այլ հարթակների հետ՝ թույլ տալով Krisp Bot-ին ավտոմատ միանալ հանդիպմանը, կատարել տրանսկրիպցիա և պատրաստել ամփոփում։

Նշենք, որ բջջային տարբերակում դեռևս բացակայում է աղմուկի չեղարկման (noise cancellation) գործառույթը, որը մինչ այժմ Krisp-ի ամենահայտնի ֆունկցիան էր։ Ընկերությունը պարզաբանել է, որ տեխնիկական սահմանափակումների պատճառով այս գործառույթը առայժմ հասանելի չէ բջջային սարքերում, սակայն ապագայում նախատեսվում է ավելացնել նաև այն։

Krisp-ը հիմնադրվել է 2017 թվականին՝ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի կողմից։ Սկզբնական շրջանում այն հայտնի դարձավ աղմուկի ֆիլտրացիայի յուրահատուկ տեխնոլոգիայով, որը հնարավորություն էր տալիս մաքրել ձայնային և վիդեոկապը ֆոնային աղմուկներից։

Ընկերությունը 2020 թվականին ներգրավել է 5 միլիոն դոլարի ներդրում, իսկ 2023-ին ընդլայնել է իր գործունեությունը՝ ներդնելով նաև արհեստական բանականությամբ աշխատող տրանսկրիպցիայի և ամփոփման գործիքներ։ Krisp-ի տեխնոլոգիան այսօր օգտագործվում է հարյուրավոր միջազգային կազմակերպություններում, իսկ ընկերությունը մի քանի անգամ ընդգրկվել է Forbes-ի և TechCrunch-ի հրապարակումներում՝ որպես հայկական ստարտափի հաջողված օրինակ։

Krisp Mobile-ի թողարկումը փաստում է, որ ընկերությունը շարունակում է ընդլայնել իր լուծումները՝ հետևելով աշխատավայրերի և շփման ձևերի փոփոխությանը։

Բջջային տարբերակը թույլ է տալիս օգտվել Krisp-ի տեխնոլոգիաներից՝ անկախ վայրից կամ սարքից, ինչն այսօր հատկապես կարևոր է հեռավար աշխատողների և միջազգային թիմերի համար։

«Մեր նպատակն է դարձնել յուրաքանչյուր հանդիպում առավել արդյունավետ։ Բջջային տարբերակը բացում է նոր հնարավորություններ նրանց համար, ովքեր միշտ շարժման մեջ են»,-նշել է Krisp-ի համահիմնադիրներից մեկը՝ ներկայացնելով նորությունը ընկերության բլոգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս