
Աղվան Արշակյանը ՔԿՀ չի վերադառնա. դատարանը ևս 3 ամսով երկարաձգեց նրա տնային կալանքը
«Սրբազան պայքարի» գործով անցնող Աղվան Արշակյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կրկին խափանման միջոց կիրառել կալանքը։
«Մենք իրավաբանությա՞մբ ենք զբաղվում, թե փորձում ենք դահիճ լինել մարդկանց նկատմամբ։ Ի՞նչ նպատակ կարող է ունենալ այս փուլում կալանքի միջնորդությունը, որևէ նպատակ, բացի Աղվան Արշակյանին առողջության և կյանքի իրավունքից զրկելը, այլ նպատակ այս միջնորդությունը պարզապես չի կարող ունենալ»,- հայտարարեց նրա պաշտպանը։
Նա ընդգծեց, որ մինչ հանրային մեղադրողի ելույթը պատրաստվում էր խոսել ու ներկայացնել, որ Արշակյանի առողջական վիճակի հետ անգամ տնային կալանքը համատեղելի չէ, որովհետև նա պարբերաբար պետք է այցելի բուժհաստատություն, հետազոտություններ անցնի։ Պաշտպանը հավելեց, որ անգամ մտքով չէր կարող անցնել, որ հանրային մեղադրողը կարող է նման միջնորդություն ներկայացնել։
«Պատվարժան դատարան, խնդրում եմ Ձեզ, հորդորում եմ հաշվի առնել, որ այս պահին խափանման միջոցի հարցը քննարկելիս Դուք քննարկում եք 28-ամյա, նախկինում երբևէ չարատավորված երիտասարդի ճակատագիրը»,- ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ Աղվան Արշակյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ագրեսիվ տեսակի քաղցկեղ, Եվրոպայի, Հայաստանի, Ռուսաստանի բժիշկները հրաժարվել են վիրահատություն կատարել՝ չհավատալով Արշակյանի՝ բուժվելու հավանականությանը։ Միայն մեկ բժիշկ համաձայնել է ռիսկի գնալ ու կատարել է վիրահատություն։ Նա կալանավայրում ունեցել է առողջական վիճակի կտրուկ վատթարացում, գլխապտույտներ, ուշագնացություն և այլն։ Նա շեշտեց, որ Արշակյանի՝ կալանավայր վերադառնալը կլինի խոշտանգում։
«Այս միջնորդությունն էնքան անմարդկային է, որ հանգիստ իր եզրափակիչ մասում կարող էին ասել՝ արգելեք շփումը բուժաշխատողների հետ։ Ի՞նչ եք ուզում, հարգելի դատախազներ, էս մարդուն տաք, սպանե՞ք»,- ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։