Բաժիններ՝

ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջել է պաշտպանության նախկին փոխնախարարից առգրավել 23 ավտոմեքենա և 13 մոտոցիկլետ

Պաշտպանության նախկին փոխնախարար Տիմուր Իվանովի դեմ հարուցված հակակոռուպցիոն հայցի շրջանակում Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, այլ գույքի հետ մեկտեղ, պահանջում է պետությանը վերադարձնել 23 ավտոմեքենա, 13 մոտոցիկլետ և 1 մոտոցիկլետ՝ կողային կցորդով։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին ասված է Մոսկվայի Պրեսնենսկի դատարան գլխավոր դատախազության ներկայացրած հայցում։

Հայցում հայտարարագրված ավտոպարկի ընդհանուր արժեքը, որը դատախազությունը խնդրում է պետությանը վերադարձնել որպես անաշխատ եկամուտով ձեռք բերված գույք, գնահատվում է 100 միլիոն ռուբլի։

Ավտոմեքենաներն ու մոտոցիկլետները գրանցված են անձամբ Իվանովի, նրա հոր, նախկին կնոջ և վարորդի անունով, մեծ մասը՝ ամրագրված «Гермес-Техно» ՍՊԸ-ին։

Ավտոմեքենաների թվում են շքեղ Rolls-Royce Ghost-ը, Cadillac Escalade-ը, երկու Bentley Continental-ը և այլ արտասահմանյան արտադրության ավտոմեքենաներ, սակայն կեսից ավելին հազվագյուտ ավտոմեքենաներ են՝ խորհրդային կառավարական «Чайка» (1967 թվականի արտադրության ГАЗ-13, գրանցված վարորդ Իվանովի անունով), 1949 թվականի արտադրության ЗИС-110, 1959 թվականի արտադրության ГАЗ-12, 1969 թվականի արտադրության «Москвич» M412 և ГАЗ-21УС, 1973 թվականի արտադրության ВАЗ 2101, 1977 թվականի արտադրության ГАЗ-24, ինչպես նաև 1939 թվականի արտադրության Opel Admiral, 1942 թվականի արտադրության Packard, 1948 թվականի արտադրության Triumph 1800, 1951 թվականի արտադրության Chevrolet և 1968 թվականի արտադրության Jaguar։

Հայցում նշված 13 մոտոցիկլետների թվում են վեց Harley-Davidson, բայց կան նաև խորհրդային Иж-49 մոտոցիկլետ և 1953 թվականի արտադրության Урал М-72 մոտոցիկլետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս