Օրբանը Մերցին և Մակրոնին առաջարկել է Մոսկվա մեկնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն օգոստոսի 8-ին հայտարարել է՝ հարկավոր է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնեն Ռուսաստան՝ ԵՄ անունից ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մենք խնդրում ենք, որ որքան հնարավոր է շուտ տեղի ունենա ԵՄ-ի և Ռուսաստանի միջև գագաթնաժողովը՝ նախքան ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գագաթնաժողովի կայանալը», – Օրբանն ասել է Kossuth ռադիոկայանի եթերում։

Նա նշել է, որ Մերցը և Մակրոնը պետք է ներկայացնեն ԵՄ-ն, քանի որ ԵՄ ղեկավարության ներկայացուցիչները չկարողացան իրենց խնդիրը կատարել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների ժամանակ։

«Ես առաջարկում եմ, որ Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը Մոսկվա մեկնեն ԵՄ-ի անունից բանակցությունների համար, այլ ոչ թե Եվրամիության ղեկավարությունը, քանի որ մաքսատուրքերի շուրջ բանակցություններում մենք արդեն տեսել ենք, որ դա բավական չի եղել», – հավելել է Հունգարիայի վարչապետը։

Օրբանի խոսքով՝ ԵՄ-ն պետք է «ավելի ակտիվ» գործի, քանի որ ռուս-ուկրաինական հակամարտությունը տեղի է ունենում Եվրոպայի տարածքում։

Օգոստոսի 7-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցրել են  երկու երկրի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման շուրջ պայմանավորվածությունները. այժմ սկսվել է գագաթնաժողովի նախապատրաստումը։ Ուշակովի խոսքով՝ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման վայրը համաձայնեցված է, և Կրեմլը դրա մասին կտեղեկացնի ավելի ուշ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031