ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ազդարարում է լրագրողների համար նախատեսված մասնագիտական փոխանակման ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտարարեց հայ լրագրողների համար նախատեսված փոխանակման ծրագրի երկրորդ փուլի հայտերի ընդունման մեկնարկի մասին։ «Վորլդ լերնինգ» կազմակերպության և լրագրողական ոլորտի առաջատար «Փոյնթեր» ինստիտուտի փոխգործակցությամբ իրականացվող «Լրագրողների մասնագիտական փոխգործակցության հայ-ամերիկյան ծրագրի» շրջանակում հայաստանյան 54 լրագրողներ հնարավորություն կունենան այցելել Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ուսումնական ծրագրերի, որոնք ոչ միայն կբարելավեն ապատեղեկատվության վերհանման, լրագրողական հրապարակումներ պատրաստելու նրանց հմտությունները, այլև կնպաստեն ամերիկացի լրագրողների ու լրատվամիջոցների հետ կապերի հաստատմանը։
«Ապահովելով մասնագիտական կատարելագործման համար անհրաժեշտ ռեսուրսներ և կապեր՝ այս փոխանակման ծրագիրը կխթանի լրագրողների դերը ազատ հասարակության մեջ և կխրախուսի հայ լրագրողներին ու լրատվամիջոցներին ընդունել այնպիսի մոտեցումներ, որոնցով կկարողանան դիմակայել ապատեղեկատվությանը», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Լրագրողների մասնագիտական փոխգործակցության ծրագիրը» կազմված է չորս ուսումնահետազոտական փուլերից՝ մասնակիցների հետևյալ կազմով․
- 18 լրագրող տպագիր և առցանց լրատվամիջոցներից (գարուն 2024թ․),
- 16 լրագրող հեռարձակող լրատվամիջոցներից (աշուն 2024թ․)
- 10 խմբագիր (գարուն 2025թ․),
- 10 մեդիա մենեջեր (աշուն 2025թ)։
«Այս ծրագիրը միտված է կայուն ցանց ձևավորել Միացյալ Նահանգների և Հայաստանի լրագրողների ու լրատվամիջոցների միջև՝ մեկտեղելով միջազգային կրթության ու փոխանակումների ասպարեզում «Վորլդ լերնինգ» կազմակերպության և լրագրողական ոլորտում «Փոյնթեր» ինստիտուտի ունեցած փորձը։ Այս փոխանակման ծրագրերին մասնակցելով՝ հայ լրագրողներն ու մեդիա մասնագետները տուն կվերադառնան նոր գաղափարներով, ընդլայնված մասնագիտական կապերով և հետաքննող լրագրության միջոցով քաղաքացիական հասարակության զարգացման և հասարակության իրազեկման նոր գիտելիքներով», – ասաց «Վորլդ լերնինգի» գլոբալ փոխանակումների գծով մենեջեր Վլադ Սպենսերը։
Փոխանակման ծրագրի բոլոր փուլերում նախատեսվում են թիրախային ուսուցումներ, աշխատարաններ և մենթորների հետ աշխատելու հնարավորություն, որը կշարունակվի նաև ուսումնական փուլն ավարտելուց հետո։ Կընտրվեն 10 մասնակից, որոնք որպես հետազոտող հնարավորություն կունենան հավելյալ մեկ ամիս անցկացնել ԱՄՆ մեդիա կառույցներում։ Ի վերջո, այս 10 մասնակցիներից 4-ն իրենց լրատվամիջոցներով հնարավորություն կունենան ստանալ 20 000 ԱՄՆ դոլար թիրախային աջակցություն՝ ընդունելու այնպիսի մոտեցումներ, որով կկարողանան դիմակայել ապատեղեկատվությանը և խթանել լրագրության դերը ազատ հասարակությունում։
«50 տարի շարունակ «Փոյնթերը» լրագրողների համար ապահովել է անհրաժեշտը։ Մենք ուրախ կլինենք ԱՄՆ մեր գրասենյակներում հյուրընկալել 54 հայ լրագրողների, լսել նրանց պատմությունները, իմանալ նրանց առաջ ծառացած մարտահրավերների մասին՝ հուսալով, որ Հայաստան վերադառնալուց հետո նրանք կկարողանան ավելի լավ ծառայել իրենց լսարանին ու համայնքին», – ասաց «Փոյնթերի» ռազմավարական գործընկերությունների գծով փոխնախագահ Ահարոն Շերոքմենը։
Այս պահին ընդունվում են 2024թ․ հոկտեմբերի 12-ից 26-ը նախատեսվող երկրորդ փուլի հայտերը՝ հեռարձակող լրատվամիջոցների լրագրողներից։ Մանրամասների համար տես՝ այստեղ.։ Այս տարի ավելի ուշ կհայտարարվի նաև հաջորդ փուլերի մեկնարկի մասին։
«Լրագրողների մասնագիտական փոխգործակցության հայ-ամերիկյան ծրագիրը» ֆինանսավորվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից և իրականացվում է «Վորլդ լերնինգ» կազմակերպության և Լրագրողական հետազոտությունների «Փոյնթեր» ինստիտուտի կողմից։ Ծրագրի վերաբերյալ մամլո հարցումները կարող եք ուղղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը։