Չորս գյուղերի վերադարձը դրական ներդրում ունի հարաբերությունների կարգավորման գործընթացում. Բայրամով
Ադրբեջանին չորս գյուղերի վերադարձը դրական ներդրում ունի հարաբերությունների կարգավորման գործընթացում, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամաբադում իր պակիստանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:
Բայրամովը պակիստանցի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը։
«Ես նշել եմ, որ ականների երկարաժամկետ խնդիրը խոչընդոտում է մեր ջանքերին», – նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Նա ընդգծել է, որ ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և չորս գյուղերի Ադրբեջանին վերադարձնելու մասին վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ներդրում ունի կարգավորման գործընթացում։
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին, և մենք հուսով ենք, որ այն դրական կլինի ընդհանուր տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար»,- ընդգծել է Բայրամովը։