Բաժիններ՝

Հունական բեռնանավը վնասվածքներ է ստացել, ենթադրաբար, Եմենի հութիների գրոհի հետևանքով

Հունաստանին պատկանող Laax չորաբեռնատար նավը, որ նավարկում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո, Կարմիր ծովում հրթիռային հարձակման է ենթարկվել և վնասվածքներ ստացել։ Այս մասին հաղորդում է The Times of Israel թերթը։

Ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն ենթադրվում է, որ գրոհն իրականացրել են Եմենի հութիները, որոնք Գազայում ընթացող պատերազմի ընթացքում բազմաթիվ հարձակումներ են կատարել Կարմիր ծովով նավարկող նավերի վրա։

Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչության տվյալներով՝ Laax չորաբեռնատար նավի վրա առաջին հարձակումը տեղի է ունեցել Կարմիր ծովի հարավում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտ՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցից ոչ հեռու: Նավը վնասվածքներ է ստացել, սակայն շարունակել է նավարկությունը։

Ավելի ուշ երկրորդ հարվածի հետևանքով բեռնանավը «լրացուցիչ վնասվածքներ է ստացել»։ Ambrey մասնավոր անվտանգության ընկերությունը տեղեկացրել է, որ «բեռնային հատվածամասը վնասվածքներ է ստացել, և նավի մեջ սկսել է ջուր լցվել»:

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել է, որ մայիսի 28-ին, Սանաայի ժամանակով ժամը 12:05-ի և 13:40-ի միջև ընկած ժամանակահատվածում հութիները Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններից հինգ հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Կարմիր ծով: Laax չորաբեռնատար նավը հաղորդել է, որ խոցվել է երեք հրթիռով, սակայն շարունակել է նավարկությունը։

Իսկ մայիսի 28-ի առավոտյան ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ուժերը հաջողությամբ հինգ անօդաչու են ոչնչացրել Կարմիր ծովի երկնքում, որոնք արձակվել էին հութիների կողմից վերահսկվող Եմենի շրջանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս