ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարն արդյունավետ է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։
Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է հյուրին այդ պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ԵԽ երևանյան գրասենյակում նրա նախընթաց գործունեությունը կնպաստի առավել բարձր արդյունավետությամբ շարունակելու առաքելությունը Հայաստանում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, իրավապահ համակարգում իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրում և բարձր է գնահատել այդ գործընթացներին Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ ՀՀ քննչական կոմիտեի պարագայում այն նպաստել է մարդկային ռեսուրսների մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության զարգացման տարբեր ծրագրերի աշխատանքային խմբերում ՔԿ քննիչների ընդգրկման և այլն։
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն արդյունավետ է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը, իր հիմնական գործառույթների իրականացումը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում Կոմիտեի կողմից դրսևորվող հետևողականությունը։ Նա ընդգծել է, որ շահագրգիռ են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխուներին ցուցաբերվող աջակցության շարունակման հարցում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ Ծրագրից բխող ՀՀ քննչական կոմիտեի գործառույթներին առնչվող միջոցառումների, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ուժեղացման, խոշտանգումների, կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարում, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրարկման ոլորտներում քննիչների մասնագիտական հմտությունների զարգացման և ՀՀ ՔԿ կարիքներից բխող այլ ուղղություններով գործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։