Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
Ամերիկացի պաշտոնյաները Վրաստանի հետ խոսում են շանտաժի լեզվով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը:
Նախօրեին Politico թերթը հայտնել էր, որ կոնգրեսական Ջո Ուիլսոնը օրինագիծ կներկայացնի, որի համաձայն Վրաստանը կստանա ռազմական օգնության փաթեթ, հասանելիություն ամերիկյան շուկային և վիզային ռեժիմի ազատականացում ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքից հրաժարվելու դեպքում: Օրինագիծը նաև պատժամիջոցներ Է նախատեսում Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեպքում:
«Վրաց-ամերիկյան հարաբերությունների բարելավումը լիովին կախված է ամերիկյան կողմի ճիշտ գործողություններից: Իսկ դա պահանջում է վրացական պետության և վրաց ժողովրդի նկատմամբ հարգանքի դրսևորում, այլ ոչ թե ավելի քան երկիմաստ հեռանկարով խոստումներ և անցում վիրավորական շանտաժի: Ցավոք, որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ շարունակում են սխալվել սխալի հետևից և շանտաժի լեզուն օգտագործել Վրաստանի հետ շփումներում», – ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես նշել են կուսակցությունում, ԱՄՆ-ն կարող էր գործով ապացուցել, որ ինքը Վրաստանի ռազմավարական գործընկերն է՝ առանց որևէ պայմանի հեշտացնելով վիզային ռեժիմը և ձևակերպելով ազատ առևտրի մասին համաձայնագիր: