«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև…

– Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս մեծարգո Աշոտ Սաղյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Չափար գյուղում,

– ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Յուրի Սուվարյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Սղնախ գյուղում,

– ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Լենսեր Աղալովյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Քոլատակ գյուղում,

– ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Էդուարդ Խաչիյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Առաքյալ գյուղում,

– ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Ալբերտ Ղուլյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Ղարաչինար գյուղում,

– ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Ռադիկ Մարտիրոսյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Մատաղիս գյուղում,

– ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Սերգեյ Մովսեսյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Մեծ Շեն գյուղում,

– ԳԱԱ ակադեմիկոս – քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Արթուր Իշխանյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Շոշ գյուղում,

– ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Արսեն Հախումյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Ստեփանակերտ քաղաքում:

Հարգարժա՛ն գիտնականներ

2022 թ. հոկտեմբերի 12-ին, երբ դեռ ապրում էր Արցախի վերջին կտորը, և հայրենի շեներում գոյության պայքար էր մղում 120,000 արցախահայությունը, ես ահազանգել էի, որ Գերագույն դավաճանը թշնամուն է վաճառում, հանձնում, փոխանակում, սակարկում, զիջում (անվանեք՝ ինչպես կուզեք) ձեր սրբության սրբոց Հայրենի Արցախը՝ ձեր ծննդավայրը, ձեր մանկության հուզաշխարը, ձեր հայրերի ու պապերի գերեզմանները, ձեր հպարտությունը, ոսկե հիշողությունը, պատմությունը, էությունը…

Ասել էի՝, որ սա քաղաքական, կուսակցական, ընդդմություն – իշխանություն առճակատման խնդիր չէ. հայրենիք ու պետություն, պատիվ ու դիմագիծ ունենալ-չունենալու ընտրանքի առջև ենք ազգովի:

Հույս էի հայտնել, որ ձեր բարձր ղեկավարությամբ գործող այդ հեղինակավոր կաճառը՝ ՀՀ ԳԱԱ-ն, այդ ճակատագրական օրերին ազդարարելու է Արցախի, դրանով իսկ՝ ՀՀ-ի փրկության իր տեսլականի, ծրագրի ու գործողությունների մասին:

Ցավոք, մեր վատագույն սպասելիքները իրականություն դարձան. այսօր չկա՛ ձեր ու բոլորիս պաշտելի Արցախը:

Հարգարժա՛ն գիտնականներ

Հայաստանում սկզիբ առած Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր թակում էր ձեր ղեկավարած կաճառի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դուռը: Նա եկել էր ձեր դուռն ու թակում էր այն ո՛չ միայն հանուն Տավուշի, այլև ձեր ծննդավայր-հայրենիքի՝ հանուն մեր Արցախի ու բովանդակ հայրենիքի, հանուն նաև ձե՛ր պատվի ու արժանապատվության:

Դուք չբացեցիք այն. կա՛մ լքեցիք շենքը, կա՛մ չեկաք շենք:

Ի դեմս Սրբազանի, դուք փակեցիք դուռը Արցախ ու Տավուշ, պետականություն ու երկիր, հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև:

Դուք ընտրեցիք այդ ուղին, իրավունքը ձերն է, դատողը՝ պատմությունն ու սերունդները»:

Տեսանյութեր

Լրահոս