Կարելի է հստակ եզրահանգումներ անել, որ Փաշինյանն Ալիևի լիարժեք աջակցությունն ունի, և նրա խնդրանքով` Կիրանցում սահմանազատման գործընթացը ժամանակավորապես սառեցվել է, մինչև շարժման հարցերը լուծեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կասեցնելու, հանրային հուզումները հանդարտեցնելու ուղղությամբ։ Կիրանցից ստացվող տեղեկություններից կարելի է հստակ եզրահանգումներ անել, որ Փաշինյանն այդ հարցում Ալիեւի լիարժեք աջակցությունն ունի, եւ նրա խնդրանքով` Կիրանցում սկսված սահմանազատման գործընթացը ժամանակավորապես սառեցվել է, մինչեւ այս շարժման հարցերը լուծեն:

Այս օրերին կարողացել են Կիրանցի վարչական ղեկավարին ու բնակչությանը համոզել, որ սահմանազատման արդյունքում իրենք ոչ թե հող են կորցնելու, այլ մի բան էլ գրավելու են։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ կիրանցեցիներին հյուրընկալել էր կառավարությունում ու անձամբ էր գուժել, որ սահմանազատման-սահմանագծման աշխատանքների արդյունքում գյուղը կիսվելու է` որոշ տներ մնալու են Ադրբեջանին, իսկ դպրոցը պաշտպանելու համար Հ1-ի եթերում ասում էր` ծառեր կտնկենք։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը երեկ ուղիղ եթերում Կիրանցում իրականացվող սահմանազատման գործընթացի վերաբերյալ ասել է, որ մենք ոչինչ չենք կորցնում, մի բան էլ 3 հեկտար ադրբեջանական հողերից մեզ է անցնում։

«Հիմա սպասում ենք գյուղի եւ կամրջի մասը, որը սառեցված է, բանակցությունների փուլում է, թե ոնց կլինի, կտեսնենք»,- ասել է նա: Հարցին՝ ո՞վ է ասել, որ սառեցրել են, պատասխանել է․ «Մարդիկ թողել գնացել են»:

Կիրանցեցիներից տեղեկացանք, որ ո՛չ ոստիկանության, ո՛չ ՊՆ-ի, ո՛չ էլ ԱԱԾ-ի աշխատակիցները գյուղից չեն հեռացել։ Որ իշխանությունը հերթական սուտն է տարածում, մատնեց Հանրայինի եւ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի «օպերատիվությունը», որոնք համայնքապետի՝ ուղիղ եթերում արված հայտարարությունները կայծակնային արագությամբ տարածեցին, իշխանական քարոզիչներն էլ սկսեցին ստատուսներ գրել՝ ո՞ւմ համար է պայքարում սրբազանը, եթե կիրանցեցիները գոհ են գործընթացից»:

Տեսանյութեր

Լրահոս