«Սա ասուլիսի «մեխերից» մեկն էր, եթե ոչ առանցքայինը՝ կոմպրոմատների ակնարկ, ընդ որում՝ ոչ միայն լոկ մեկ մարդու ուղղված». Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գաղտնալսման ձայնագրության պատմությունը, ասում է, որ գաղտնալսումը օգտագործել են նրան «ձեռնածու» դարձնելու համար:

Միանգամայն տրամաբանական է, որ կարող է լինել եւ այդպես:

Բայց, չէ՞ որ գաղտնալսվել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա գուցե համոզված է, որ ինքը որեւէ անգամ թույլ չի տվել խոսակցություն, որը կարող է իր դեմ լինել այնպիսի կոմպրոմատ, որը իրեն էլ կդարձնի «ձեռնածու»:

Գուցե: Բայց, նա ի՞նչ գիտե՝ Վանեցյանը թույլ տվե՞լ է այդպիսի բովանդակություն, թե՞ ոչ: Դա իմանալու համար Փաշինյանը պետք է տիրապետեր Վանեցյանի խոսակցությունների գաղտնալսման: Մինչդեռ ասուլիսում նա հնչեցնում է այդ «փաստարկը»՝ այն ակնարկով, որ Վանեցյանին գաղտնալսողը եւ հետեւաբար՝ կոմպրոմատով նրան կառաարողը կարող է լինել Ռուսաստանը:

Բայց չէ՞ որ այդպիսի բան ասելու համար՝ այն էլ վարչապետի կարգավիճակում, պետք է ունենալ ապացույց: Փաշինյանն ունի՞ ապացույց: Որտեղի՞ց, ռուսները ձայնագրել են Վանեցյանին եւ Փաշինյանի՞ն էլ տրամադրել են պատճեն:

Թե՞ այդուհանդերձ, Փաշինյանը բարձրաձայնում է իր ձեռքին եղածի մասին եւ այդ կերպ ինքն է զգուշացնում Վանեցյանին, իսկ ռուսների մասով ակնարկը պարզապես քարոզչական հավելյալ նկատառում է:

Բոլոր դեպքերում, կարծում եմ սա ասուլիսի «մեխերից» մեկն էր, եթե ոչ առանցքայինը՝ կոմպրոմատների ակնարկ, ընդ որում՝ կոնկրետ առիթով, բայց կարծում եմ ոչ միայն լոկ մեկ մարդու ուղղված:

Մյուս կողմից, եթե, իհարկե, գնահատականս սխալ չէ, այդ ամենը կապահովի տեսարաններ, բայց ամենեւին չի լինի որեւէ արդյունք ձեւավորող միակ, եւ գուցե նույնիսկ առանցքային գործոն: Ծավալվող գործընթացում որեւէ արդյունք ձեւավորող գործոնները շատ ավելին են, եւ բազմազան»:

Տեսանյութեր

Լրահոս