2000թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումները 650 %-ով աճել են. ՄԱԿ
Աշխարհում միգրանտների դրամական փոխանցումները հայրենիք 2000-ից մինչև 2022 թվականն աճել են 650 %-ով՝ հասնելով 831 միլիարդ դոլարի: Այդ մասին զեկույց է հրապարակել Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկությունն է։
«Միջազգային միգրացիան մնում է մարդկային զարգացման և տնտեսական աճի շարժիչ ուժը, ինչի մասին է վկայում 2000 թվականից մինչև 2022 թվականը միջազգային դրամական փոխանցումների ավելի քան 650 %-ով աճը: Դրանք 128 միլիարդ դոլարից հասել են 831 միլիարդ դոլարի», – նշել են Միգրացիայի միջազգային կազմակերպությունում:
Ըստ գնահատումների՝ աշխարհում կա 281 միլիոն միգրանտ:
Զեկույցում ընդգծվում է, որ «աճը շարունակվել է՝ չնայած բազմաթիվ վերլուծաբանների կանխատեսումներին, թե դրամական փոխանցումներն էապես կնվազեն COVID-19-ի պատճառով»։ Դրամական փոխանցումների առյուծի բաժինը՝ 647 մլրդ դոլար, «միգրանտներն ուղարկել են ցածր և միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներ»։ Այդ դրամական միջոցները կարող են կազմել ՀՆԱ-ի զգալի մասը, և գլոբալ մասշտաբով դրանք «գերազանցում են օտարերկրյա ուղղակի ներդրումներն» այդ պետություններում:
Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, հակամարտությունների, բռնության, տարերային աղետների և այլ պատճառներով տեղահանված անձանց թիվն աշխարհում աճել է՝ հասնելով 117 միլիոնի՝ ամենաբարձր մակարդակի արդի ամբողջ պատմության ընթացքում, ինչն «ընդգծում է տեղահանման ճգնաժամերի լուծման անհետաձգելիությունը»: Դրա հետ մեկտեղ միգրացիայի մեծ մասը «կրում է կանոնավոր, անվտանգ և տարածաշրջանային առումով կողմնորոշված բնույթ»: