Պուտինի վերջին 3 երդմնակալությունների ժամանակ ոչ մի այլ երկրի ղեկավարի չեն հրավիրել. պետությունը ներկայացնում է այդ երկրում հավատարմագրված դեսպանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12.00-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Կմասնակցի՞ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական դաշնակցի երդմնակալության արարողությանը, թե ոչ՝ այսօր սա քաղաքական թիվ մեկ օրակարգային հարցն է դարձել։

Դրան զուգահեռ, ԵԱՏՄ-ն այս տարի նշում է 10-ամյակը, եւ մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը, իսկ այժմ նախագահող երկիրը Հայաստանն է։

Փաշինյանը դեռեւս ապրիլի 11-ին ասել էր, որ դեռ չի որոշել` մեկնելու է Մոսկվա, թե ոչ։ Լուրեր կան, որ նա մասնակցելու է միայն ԵԱՏՄ նիստին, այլ ոչ թե երդմնակալությանը, եւ դրան հաջորդող շքերթի ժամանակ էլ չի մնալու Մոսկվայում: Ի դեպ, շատերը հիշել են նաեւ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալությանը Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Անկարա:

Սակայն Պուտինի երդմնակալությանը մասնակցելու շուրջ արհեստական աժիոտաժ է ստեղծվում` ինտրիգ: Եվ մեզ հետաքրքրեց, թե ինչ ընթացակարգով են առհասարակ մասնակցում այլ պետությունների ղեկավարների երդմնակալությանը, եւ արդյո՞ք Հայաստանի նախագահները նախկինում մասնակցել են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողություններին։

Այս եւ մի շարք այլ արարողակարգային հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության նախկին պետ, նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Արմեն Գիչյանի հետ։

– Այս օրերին թիվ մեկ քաղաքական թեմաներից մեկը Փաշինյանի մասնակցությունն է Պուտինի երդմնակալության արարողությանը։ Առհասարակ՝ ինչպե՞ս են Հայաստանի ղեկավարները մասնակցել ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը, հրավերո՞վ, թե՞ դրա անհրաժեշտությունը չկա։

– Եթե տվյալ երկրի օրենքով` հրավերով է, ապա այդ հրավերն ուղարկում է ԱԳՆ-ն` բոլոր դեսպանություններին։ Պայմանավորված է տվյալ երկրի օրենքներով, ավանդույթներով։ Ռուսաստանի պարագայում Պուտինի վերջին 3 երդմնակալությունների ժամանակ ոչ մի այլ երկրի ղեկավարի չեն հրավիրել։ Օտարերկրյա պետությունը ներկայացնում է այդ երկրում հավատարմագրված դեսպանը։ Հազար հոգուց ավելի մարդ է մասնակցում Կրեմլում տեղի ունեցող երդմնակալությանը, որին մասնակցում են պետական պաշտոնյաներ, գործարարներ, բանվորներ։ Նախագահական մոդել ունեցող երկրների դեպքում այլ օրենքներ են, խորհրդարանականի դեպքում` այլ։ 2008թ․, 2013թ․ մեր նախագահի երդմնակալությանը, նույնիսկ 2018թ․-ին` նախագահականից խորհրդարանական մոդելին անցնելու ժամանակ, Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա հյուրեր կային՝ կառավարության անդամներ, խորհրդարանականներ։

– ՀՀ նախորդ նախագահների երդմնակալությունների ժամանակ այլ երկրների ղեկավարներ եկե՞լ են Հայաստան՝ գուցե նաեւ դիվանագիտական հարաբերությունները սերտացնելու համար։

– Երկրների ղեկավարների մակարդակով չեմ կարող հիշել, բայց առնվազն 40 օտարերկրյա պատվիրակություն է մասնակցել՝ փոխվարչապետներ, ԱԺ նախագահներ եւ այլն։

– Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալությանն ինչպե՞ս էր գնացել Փաշինյանը, արդյո՞ք Թուրքիան հրավեր ուղարկում է։ 

– Հրավեր եղել է, եթե չեմ սխալվում, քանի որ Թուրքիայում ընդունված է` նախագահական մոդելն է։ Բայց նորմալ է, երբ դեսպանի մակարդակով են մասնակցում երդմնակալության արարողություններին, շատ երկրներում այդպես է։

– Վլադիմիր Պուտինը երդվել է 4 անգամ, հրավիրե՞լ է որեւէ երկրի ղեկավարի։

– Ոչ։

– Արդյո՞ք Փաշինյանի մասնակցության հարցն այսքան ուռճացված ներկայացնելու, դրանով հայ-ռուսական հարաբերությունների վիճակը գնահատելու կեղծ օրակարգ չէ սա։

– Իհարկե, դա որեւէ կապ չունի հարաբերությունների հետ։ Շահարկել, որ ինքը չի գնում հատուկ, որ ինչ-որ բան ցույց տա, նորմալ չէ։ Հարյուր տոկոս համոզված եմ, որ հրավեր չի եղել, քանի որ իրենք չեն հրավիրում օտարերկրյա ղեկավարներին։ Թուրքիան կանչում է, հրավեր են ուղարկում։

– Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպմանը Փաշինյանը գլխարկով էր` կեպիով։ Ի՞նչ խորհուրդ ունի այդ գլխարկը, արդյո՞ք արարողակարգային է դա, ասենք` խորհուրդ է տվել արարողակարգի պետը։

– Դա ազգային տարազ չէր, եթե առողջական խնդիրներ չուներ, ապա դա պիտի հաներ, պարտադիր։ Գուցե չի էլ իմացել, չի հասկացել, որ չի կարելի։

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդքան հաճախ փոխում արարողակարգի պետերին։ 

– Այո, վերջին 6 տարում առնվազն 4 արարողակարգի պետ է փոխվել, եւ դա նորմալ չէ։ Նրանցից երեքը՝ Ալեքսանդր Մխիթարյանը, Վահե Հակոբյանը, Մանվել Ավետիսյանը, դիվանագետներ են, որոնք շատ երկար տարիներ աշխատել են արարողակարգում, այնպես չէ, որ փողոցից էին եկել»։

Տեսանյութեր

Լրահոս