Ես, որպես ժողովրդի ներկայացուցիչ, ընտրել եմ այդ ռազմավարությունը. Փաշինյան

Այդ դեպքում ինչո՞ւ ենք 31 գյուղերի մասին ասում, այնտեղ որ կանգնած չէ, մեր հողը չէ՞: Արծվաշենը մեր հողը չէ՞, այսինքն՝ իրենք հրաժարվել են: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պնդումներին, որ այնտեղ մեր զինվորը կանգնած է, դա մեր հողն է:

«Դիմումներ են գրում, որ կառավարությանը քրեական պատասխանատվության ենթարկեն՝ Հայաստանի ինքնիշխան տարածք զիջելու համար, այն դեպքում, որ իրենք հիմա Արծվաշենը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքը զիջում են և այն մյուս 31 գյուղերի տարածքները զիջում են, իրենց քրեական պատասխանատվության ո՞վ է ենթարկելու»,-ասաց նա:

Անդրադառնալով պնդմանը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանը վերացնել, Փաշինյանն ասաց. «Եթե ուզում են մեզ վերացնել, ուրեմն մենք պետք է կարողանանք կառավարել մեզ վերացնելու այդ ցանկությունը, պե՞տք է հարաբերվենք այդ ցանկության հետ, թե՞ չէ, պե՞տք է հասկանանք՝ այդ ցանկությունը մենք կարո՞ղ ենք փոխել, թե չենք կարող փոխել, թե մենք էլի զինվորին պետք է ասենք՝ մեզ ուզում են վերացնել, դու գնա տես ինչ ես անում, իսկ մենք գնանք Բադեն-Բադենում հանգստանանք կամ սովորենք, մեր երեխաները թող գնան այնտեղ ապրեն, դու տես՝ այստեղ ինչ ես անում այդ վերացնելու ցանկության հետ:

Մենք այս վերացնելու ցանկությունը պիտի՞ կարողանանք կառավարել, թե՞ ոչ: Հիմա Դուք հարց կտաք՝ ո՞նց կարող ենք մենք մեզ վերացնելու ցանկությունը կառավարել: Մի շատ կարևոր գործոնով՝ լեգիտիմությամբ: Մենք 20 և ավելի տարիներ Հայաստանի ներսում կռիվ տվեցինք լեգիտիմության կարևորության մասին: Հիմա, փառք Աստծո, այդ հարցը լուծել ենք: Բայց մենք նաև մեր արտաքին հարաբերություններում լեգիտիմությունը պետք է վերցնենք որպես բազա»:

Դիտարկմանը, որ այդ լեգիտիմությունը չունի երաշխավոր, վարչապետն ասաց. «Լեգիտիմությունն ինքը երաշխավոր է»:

Իսկ դիտարկմանը, որ ֆորպոստն ունի երաշխավոր, թեկուզ վատ երաշխավոր է, բայց երաշխավոր է, նա ասաց. «Շատ լավ, եթե ֆորպոստն ունի երաշխավոր, ինչո՞ւ եք ասում մեր տարածքներն օկուպացված են և այլն: Կներեք, ես Ձեզ երաշխավորում եմ, որ լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր է, քան վատ երաշխավորը: Ես Ձեզ երաշխավորում եմ, որ հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու լեգիտիմության բանաձևը շատ ավելի լավ և շատ ավելի ուժեղ երաշխավոր է, քան վատ երաշխավորը, քան նույնիսկ վատից մի քիչ լավ երաշխավորը, քան նույնիսկ լավից մի քիչ վատ երաշխավորը, քան նույնիսկ լավ երաշխավորը: Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը:

Եթե քո լեգիտիմությունը դու ուզում ես փոխել ուրիշի լավ երաշխավորությամբ՝ դու զիջում ես քո ինքնիշխանությունը, դու զիջում ես քո պետականությունը, դու զիջում ես քո անկախությունը: Այս պատմությունը սրա մասին է»:

Պնդմանը, որ երաշխավոր ունենալու դեպքում քո մեջքին կանգնած է ուժ, իսկ կյուս դեպքում՝ միջազգային իրավունք, որն օր-օրի ավելի խոցելի է դառնում, վարչապետն արձագանքեց. «Գիտեք, նայած որ կողմից նայեք: Կողմ կա, որ ավելի խոցելի է դառնում, կողմ կա, որ պակաս խոցելի է դառնում: Եվ այստեղ էլ ընտրության հարց կա՝ մենք ի՞նչ ենք ընտրում՝ մենք ընտրում ենք խոցելի միջազգային իրավունքը, թե՞ անխոցելի միջազգային իրավունքը:

Ընտրության հարց է, մենք պետք է ընտրություն կատարենք: Ընդ որում, մենք ընտրություն չունենք էլ, որովհետև մեր նախկին ընտրությունը ցույց է տվել մեր խոցելիությունը: Երբ մենք ասում ենք՝ չէ, մենք ընտրում ենք խոցելի միջազգային կարգը, այդ խոցելի միջազգային կարգը եկել է մեզ է խոցել: Երբ մենք ասում ենք, որ պետք է ընտրենք անխոցելի միջազգային կարգը, և այդ անխոցելի միջազգային կարգը մեզ պետք է դարձնի անխոցելի՝ ոչ միանգամից, ոչ մի գործողությամբ, ոչ մեկ օրում: Բայց սա ռազմավարություն է, որ մենք ընտրել ենք: Եվ ես հավատում եմ, որ ռազմավարություն է, որն ընտրել է մեր ժողովուրդը: Եվ ես՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, ընտրել եմ այդ ռազմավարությունը:

Եվ այնտեղ մի նյուանս կար՝ լինել ֆորպոստ կամ չլինել: Հասկանու՞մ եք, որ ընտրությունը սրա մեջ է, այս ձևակերպումն արդեն ձևակերպման հեղինակների մտածողության ամպլիդուտի մասին է: Եվ սա հենց ֆորպոստի տրամաբանության մեջ է, որ՝ տես հա, դու կամ ֆորպոստ պիտի լինես կամ չլինես, տես հա՝ դու կամ պետք է չլինես կամ պետք է լինես ֆորպոստ: Այս դեպքում՝ ի՞նչ ընտրություն անենք, պարզ չի՞ ինչ ընտրություն անենք: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մենք ուզում ենք այս բանաձևից դուրս գանք, երբ ընտրությունն այն չէ՝ լինել ֆորպոստ, թե չլինել»,- հայտարարեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս