Ուկրաինան իր առաջին F-16 կործանիչները կարող է ստանալ այս տարի․ Պենտագոնի պաշտոնյա
Պենտագոնի նպատակն այն է, որ Ուկրաինան առաջին ամերիկյան F-16 կործանիչներն սկսի օգտագործել 2024 թվականին: Այդ մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականին։
Պենտագոնի ղեկավարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեսթ Ուոլանդերը հրատարակչությանը հայտնել է, որ Վաշինգտոնը չի կարողացել Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկել նույն ծավալով, ինչ Ռուսաստանի դեմ պայքարի նախորդ երկու տարիներին։
Պաշտպանական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ «լավ նորությունն» այն է, որ Արևմուտքը շարունակում է ջանքերը՝ Ուկրաինային կործանիչներ մատակարարելու ուղղությամբ։
«Մի քանի ուկրաինացի օդաչուներ վերապատրաստում են անցնում Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի բազայում, և նպատակն այն է, որ Ուկրաինան այդ ինքնաթիռների շահագործումն սկսի այս տարի ավելի ուշ», – ասել է պաշտոնյան:
Նիդեռլանդներն ու Դանիան առաջինն էին, որ համաձայնեցին Ուկրաինային F-16 կործանիչներ տրամադրել։ Սպիտակ տունը հաստատել է, որ Ուկրաինան մարտական ինքնաթիռները կստանա երրորդ երկրներից` օդաչուների վերապատրաստումն ավարտելուց հետո։ Նիդեռլանդների պաշտպանության նախարարության ղեկավար Կայսա Օլոնգրենը հայտարարել է, որ Հաագայում ակնկալում են Կիևին առաջին F-16 կործանիչներն ուղարկել 2024 թվականին։