Կառավարության շենքի դիմաց անկարգություններ կազմակերպելու և հրապարակային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
2023թ. սեպտեմբերի 20-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ընթացքում հավաքի մասնակիցների շրջանում հրապարակայնորեն հնչեցված՝ անկարգություններ իրականացնելու հրապարակային կոչերից հետո, ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով մոտեցել են ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ: Մասնավորապես, խմբով հարձակում են գործել Կառավարության շենքի պապհանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց, Կառավարության շենքի ուղղությամբ քարեր, տարբեր առարկաներ նետելով։
Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում է նախաքննություն։ Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: