Թեհրանը չեղարկել է դեպի Բաքու և Երևան բոլոր չվերթերը

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Բախշը հաստատել է տեղեկությունները, որ Իրանի իշխանությունները չեղյալ են հայտարարել դեպի Ադրբեջան և Հայաստան, և հակառակ ուղղությամբ բոլոր չվերթերը:

Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝տարածաշրջանում հատուկ իրավիճակին առնչվող եւ ՆՈՏԱ-ներին համապատասխան (ծանուցումներ թռիչքային անձնակազմին) Իրանի եւ Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր չվերթերը սեպտեմբերի 20-ից կչեղարկվեն մինչեւ հետագա ծանուցումը։

Հիշեցնենք, որ «Զվարթնոց» oդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը, մեկնաբանելով համացանցում տարածված այն տեղեկությունը, թե Wizz Air ավիաընկերությունը սեպտեմբերի 20-23-ը չեղարկել է Եվրոպայից Հայաստան բոլոր չվերթերը, նշել է, որ ներկա պահին Wizz Air ավիաընկերության ոչ բոլոր չվերթերն են չեղարկված:

«Ցանկացած չվերթի կարգավիճակի մասին տեղեկությունը մեր կայքում 24/7 ռեժիմով թարմացվում է։ Ունենք ե՛ւ չեղարկումներ, ե՛ւ ուշացումներ»,- ըստ Aysor.am- ի ասել է Մողրովյանը։

Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ չեղարկվել են Wizz Air ավիաընկերության Հռոմ-Երեւան-Հռոմ եւ Վենետիկ-Երեւան-Վենետիկ չվերթերը։ Չեղարկվել են նաեւ այլ ավիաընկերությունների, մասնավորապես` Լառնակա-Երեւան-Լառնակա, Լիոն-Երեւան-Լիոն, Սոչի-Երեւան-Սոչի չվերթերը։

Տեսանյութեր

Լրահոս