Այսօր Երևանում թաղում կա. հուղարկավորում են «Մեզ ժողովուրդն է ընտրել» թեզը
Երեկ Երևանն ավագանի էր ընտրում, սակայն ընտատեղամասերը փակվելուց դեռ շատ առաջ պարզ դարձավ, որ Երևանը մեծ հաշվով չի ընտրել, արհամարհել, բոյկոտել է այս ընտրությունները, որովհետև ընտրության իրավունք ունեցող երևանցիների միայն 28.46%-ն էր գնացել ընտրատեղամասեր:
Իսկ առավոտը բարի չբացվեց «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի, Նիկոլ Փաշինյանի ու հատկապես բոլոր մեծ ու փոքր նիկոլական ձեռնասունների համար: Տիգրան Ավինյանը ոչ միայն միանձնյա քաղաքապետ չդարձավ, այլև անգամ այսքան ցածր մասնակցության ու վարչական ռեսուրսի տոտալ կիրառման պայմաններում, հնդիկ-պակիստանցի-ռելոկանտներ մոբիլիզացիայի արդյունքում և նույնիսկ «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանի հետ հնարավոր կոալիցիայի դեպքում քաղաքապետ չի կարողանա դառնալ, եթե միավորվի պայմանական ընդդիմությունը:
Իսկ մինչ այդ երեկ ընտրություն էր, ու երկրի «գերագույնները», մեկը մյուսին հերթ չտալով, խրոխտ դեմքով ճեպազրույցներ էին տալիս:
Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը, օրինակ, ասաց՝ իրենց ընտրությամբ կուժեղացնեն երկրի անվտանգությունը: Հակադարձմանը, թե տեսնում ենք՝ ինչ վիճակում է հիմա երկրի անվտանգությունը, Ալեն Սիմոնյանն ասաց. «ՀՀ ժողովուրդն է հայտնում մեր 5 տարվա աշխատանքի, անվտանգության վերաբերյալ իր կարծիքն ազատ, անկախ ընտրություններով»:
Ալեն Սիմոնյանը, թերևս, ասում էր՝ այո՛, ապիկար ենք, ձախողել ենք, դավաճանել ենք, եթե այդպես եք համարում, բայց խնդիր չկա, ժողովուրդը հաշտ է դրա հետ, մեզ ձայն է տվել, որ ինչ ուզենք՝ անենք:
«Քանի դեռ ՀՀ ժողովուրդը կանգնած է իշխանությունների մեջքին, մենք բանակցային գործընթացում պինդ ենք լինելու»,- Ալեն Սիմոնյանի հավատամքն է:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ պատասխանատու են ոչ թե հայ ժողովրդի, այլ իրենց ընտրողի առջև:
«Ինչ ծրագրով ենք եկել, մենք պատասխանատու և հաշվետու ենք մեր ընտրողների առջև, որոնք 2021թ.-ից հետո Սյունիքում, այլ մարզերում կրկին գնացել և ընտրել են մեզ»,- ասաց նա:
ԱԺ նախագահն ուղիղ տեքստով ասաց՝ անգամ այն ժամանակ, երբ թուրքը օկուպացրել է Սյունիքի, Գեղարքունիքի մազերի մեր սուվերեն տարածքները, այդ ու ոչ միայն այդ մարզերի բնակիչները գնացել ու մեզ են ընտրել, հետևաբար, իհարկե, ինչ ուզենք՝ կբանակցենք, ինչ թուղթ ուզենք՝ կստորագրենք: Չստացվեց…
Արդեն գիշերը պարզվեց՝ ժողովուրդը ձայն չի տվել, ու այսօր արդեն թե իրենց դրսի տերերին, թե թուրք-ադրբեջանական տանդեմին շատ բարդ է լինելու ասել՝ ասել եք, կանեմ: Ժողովուրդը, փաստացի, նոր թուղթ ստորագրելու մանդատ Ալեն Սիմոնյանին ու նրա կուսակցությանը՝ իր առաջնորդով, չտվեց:
Հաջորդիվ Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե ՔՊ-ն 50+ ձայն չտանի, անվտանգային ավելի լուրջ խնդիրներ կունենանք:
Ակնհայտ էր, որ Ալեն Սիմոնյանի համար հոգեհարազատ է իր կուսակցության առաջնորդի գիծը՝ «մենք չլինենք, պատերազմ կսկսվի» տրամաբանության մեջ, բայց ժամեր անց պարզ դարձավ, որ երևանցին չի վախենում այդ սպառնալիքից ու պատկերացնում է՝ ինչ աստիճանի սնանկ է այդ թեզն առկա իրողությունների պայմաններում:
Այսօր թաղում կա. Երևանում հուղարկավորում են «Մեզ ժողովուրդն է ընտրել» թեզը: