Մայրաքաղաքի երթին մասնակցել են ոչ միայն պետական հաստատությունների աշխատակիցներ, այլև հստակ համակարգվող, ուղղորդվող խմբեր․ Անկախ դիտորդ

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին մեծ իրադարձությունը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության իրականացած քարոզչական երթը և հավաքն են:

Երթը կոչվում էր Մայրաքաղաքի երթ: Անկախ դիտորդը վերջին օրերին ստանում էր տեղեկություններ, որ մարզերում կազմակերպվում է երթին տարբեր հիմնարկների աշխատակիցների մասնակցության ապահովումը։ Այդ նպատակով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կազմակերպել է մարզպետարանների, համայնքապետարանների, դպրոցների, մանկապարտեզների, այլ համայնքապատկան և պետական ոչ առևտրային կազմակերպություների աշխատակիցների տեղափոխումը:

երթի մասնակիցների տեղափոխման համար օգտագործվել են ոչ միայն մասնավոր ավտոբուսներ և միկրոավտոբոսներ, այլև համայնքների երթուղային տաքսիները՝ «հուսահատության գազելները»: Հաշվի առնելով հավաքի քարոզչական միջոցառում լինելը՝ այս տրանսպորտային ծախսերը պիտի կատարված լինեն նախընտրական հիմնադրամից և արտացոլվեն կուսակցության հայտարարագրում։

Երևան քաղաքում Մայրաքաղաքի երթին մասնակիցների կազմում ոչ միայն Երևանի և մարզերի համայնքային և պետական բյուջետային հաստատությունների աշխատակիցներն էին, այլև մասնավոր սեկտորում ներգրավվածները՝ հստակ համակարգվող, ուղղորդվող խմբերով:

Ժամը 20:09 դրությամբ հավաքին մասնակցել է շուրջ 4800 մարդ:

Դիտորդների կողմից արձանագրած ուղղորդվող խմբերի կազմերում մասնակիցների քանակի հանրագումարը դրա էական մասն էր։ Սա վկայում է վարչական ռեսուրսի համակարգված և զանգվածային կիրառման և այդ ռեսուրսի շնորհիվ մրցակցային անհավասար պայմանների առկայության մասին:

Այս հավաքի, ինչպես և քարոզարշավի փուլի վերաբերյալ ամբողջական տեղեկությունները ներկայացվելու են երկարաժամկետ դիտորդության հետընտրական տեղեկանքում: Անկախ դիտորդ դաշինքը պահանջելու է պատասխանատվություն վարչական ռեսուրսների չարաշահման, հնարավոր սպառնալիքների, ճնշումների և չհայտարարագրված ծախսերի դեպքերի վերաբերյալ։

Հավաքին մասնակցելու, մասնակցությունից հրաժարվելու դեպքում որևէ ճնշումների, պատիժների, խտրական մոտեցման վերաբերյալ ահազանգերի և իրավաբանական աջակցության կարիք ունենալու դեպքում Անկախ դիտորդ դաշինքի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել՝ 077342268, 041123302 հեռախոսահամարներով

Տեսանյութեր

Լրահոս