Հայտնի է՝ երբ է Փաշինյանը նամակ ուղարկել Պուտինին և ինչին է այն վերաբերել. Aysor.am

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակն ուղարկել է սեպտեմբերի 8-ին։ Այդ մասին Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ կառավարությունից։

«Այն վերաբերում է ստեղծված իրադրությանը։ Միաժամանակ հայտնում ենք, որ նամակի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ», – նշել են կառավարությունից։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին Փաշինյանը հեռախոսազրույցներ է անցկացրել Վրաստանի վարչապետի, ԱՄՆ Պետքարտուղարի, Իրանի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հետ։ Քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը նաև պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Սեպտեմբերի 11-ին Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, պարզաբանելով, թե ինչու սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց չի ունեցել Պուտինի հետ, ասել էր, որ նրա հետ վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել, որ նոր խոսակցության անհրաժեշտություն լիներ: «Ըստ անհրաժեշտության հեռախոսազրույցներ կարող են տեղի ունենալ», – ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Սեպտեմբերի 12-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ չունի։

«Նա ինձ ընդարձակ նամակ է ուղարկել։ Մենք նրա հետ կապի մեջ ենք։ Հայաստանի, Փաշինյանի հետ խնդիր չունենք։ Մենք մշտական կապի մեջ ենք», – նշել է ՌԴ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս