«Նախագահի փոփոխությունը, թեև հանկարծակի, սակայն անսպասելի չէր՝ հաշվի առնելով մարդկանց հիասթափությունն ու անվստահությունը». Ռուբեն Վարդանյան

Ռուբեն վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վստահ եմ, որ հետևում եք Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն, օգտվելով առիթից, անձամբ եմ ուզում Ձեզ պատմել ներկա իրավիճակի մասին:

«Նախագահի փոփոխությունը, թեև հանկարծակի, սակայն անսպասելի չէր՝ հաշվի առնելով մարդկանց հիասթափությունն ու անվստահությունը: Հուսով եմ, որ նոր ղեկավարությունը, կկարողանա վերականգնել Արցախի հուսալքված եւ ընչազուրկ հասարակության վստահությունը՝ ապացուցելով, որ կարող է ստանձնել երկրի ղեկը՝ մինչև խնդրին լուծում գտնելը:

Ինչ վերաբերում է մեր աշխատանքին, պետք է ասեմ, որ ձեր հսկայական աջակցության շնորհիվ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը վերախմբավորվեց՝ ջանքերն ուղղելով Արցախի բնակչությանը հրատապ օգնություն տրամադրելուն: Չնայած լիակատար շրջափակմանն ու ապրանքների կամ մարդկանց տեղաշարժի բացակայությանը՝ բանկերը դեռևս աշխատում են՝ պահպանելով դրամային հոսքը։ Տեղեկացեմ, որ ֆինանսական ռեսուրսներն ուղղվել են տեղական արտադրողին և արհեստագործությանը՝ օգնելով մարդկանց փոքր-ինչ մեղմել իրավիճակը:

Էլեկտրական ավտոմեքենաներով, որ կարողացել ենք ձեռք բերել, հղի կանանց, երեխաներին, հաշմանդամներին ու տարեցներին տեղափոխում ենք բուժհաստատություններ: Ձիաքարշ սայլերը մեզ հնարավորություն են տալիս գյուղական շրջաններից ապրանք հասցնել բարեգործական երկու ճաշարաններ, որոնք գործարկել ենք կարիքավոր մարդկանց համար: Դրանք հնարավորություն են տալիս նրանց օրը գոնե մեկ անգամ համապատասխան սնունդ ստանալ:

Անվճար սննդի պահանջարկն օրեցօր աճում է, և ինձ ցավ է պատճառում տեսնել օրեցօր աճող հերթերը և այն, որ ինչ-որ մեկին կարող է կերակուր չհասնել: Սա այն չէ, ինչ մենք ակնկալում էինք տեսնել 21-րդ դարում:

Հավանաբար տեղյակ եք, որ մի քանի գործընկեր կազմակերպությունների հետ մենք ստեղծել ենք Արցախի անվտանգության և զարգացման ճակատ հասարակական շարժումը, որպեսզի միավորենք մեր ուժերը և կարողանանք հետևողական մոտեցում ու դիրքորոշում ձևավորել արցախահայության համար ավելի լավ ապագա կերտելու գործում: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրանում է Ճակատի ստեղծման 100-րդ օրը, և մենք վճռական ենք մեր գործողություններում՝ ստեղծված իրավիճակում լուծում գտնելու հարցում:

Շնորհակալ եմ Արցախի և իմ կողքին լինելու համար։

Խնդրում ենք հետևել զարգացումներին և օգնել մեզ, որ աշխարհը նույնպես տեղյակ լինի իրադարձությունների զարգացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս