Բաժիններ՝

Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցությանը մոտ է, ինչպես երբեք. Ստոլտենբերգ

Ուկրաինան երբեք այնքան մոտ չի եղել ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ինչպես հիմա: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստում։

«Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք մի շարք որոշումներ ընդունեցինք, որոնք Ուկրաինային մոտեցնում են դաշինքին: Մենք կրկնեցինք մեր դիրքորոշումը, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, բայց մենք նաև ավելացրինք երեք տարր, որոնք մոտեցնում են այս անդամակցությունը: Առաջինը՝ մենք ընդունել ենք օգնության համալիր փաթեթ և համաձայնեցրել դրա ֆինանսավորումը, որպեսզի հասնենք ՆԱՏՕ-ի հետ ուկրաինական բանակի լիակատար համատեղելիության: Մենք ամրապնդել ենք քաղաքական համագործակցությունը՝ ստեղծելով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդ, որտեղ մենք հավաքվում ենք որպես հավասարներ, որոշումներ ընդունում: Մենք նաև չեղարկել ենք Ուկրաինայի համար անդամակցության գործողությունների պլանի կատարումը՝ դեպի ՆԱՏՕ նրա ճանապարհը երկու քայլից կրճատելով մինչև մեկ», – ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալությունը։

«Ուկրաինան երբեք այնքան մոտ չի եղել ՆԱՏՕ-ին անդամակցությանը, որքան հիմա», – եզրափակել է Ստոլտենբերգը։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախկինում հայտարարել էր, որ Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին և հիշում, որ հենց Կիևի կողմնորոշումը դեպի դաշինք դարձավ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկի պատճառներից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս